Պարույր Սևակ

Պարույր Սևակն ու նրա կանայք

Գրականագետ Ալմաստ Զաքարյանը եղել է Պարույր Սևակի ընտանիքի լավագույն բարեկամը… Եվ նրա հուշերն էլ եզակի են իրենց անկեղծությամբ. Սևակը ներկայանում է իր մարդկային լավ ու վատ կողմերով, թերություններով ու առավելություններով… իր եզակի տեսակով: Հեղինակը գիտակցաբար չի խմբագրել Սևակի կենսագրական ինչ – ինչ կետերը, հասկանալով ու գրելով. «Սևակը կտրականապես դեմ կլիներ իր անձը սրբագրել-սրբացնելուն: Նա լիարյուն-լիակշիռ մարդ էր և ամբողջ էությամբ ատում էր փարիսեցիներին ու փարիսեցիությունը՝ ամեն տեսակի դրսևորումներով»:

Բայց քնքշության հետ միասին Պարույրը Նելլիի հետ խիստ ու պահանջկոտ ծնողներ էին, և, ուսանելի է. Պարույրի երեք որդին էլ մեծացան բանող-աշխատող մարդու հոգեբանությամբ ու վարքով, միանգամայն օտար իրենց հոր անունը օգտագործելու, նրա անունով կյանքից ինչ-ինչ քաշելիքներ կորզելու անվայելությանը … «…»: Նելլին զգաստ հետևում էր երեխաներին, և զանցանքի դեպքում վա՜յ նրանց: Մեկ անգամ սեղանից Նելլիի հեռանալուն պես, երեխաների սենյակում սկսվեց իրարանցում: Ձայնից գնաց և Պարույրը: Քիչ անց վերադարձան Պարույրն առջևից, Նելլին’ հետևից, «դատ ու դատաստանը» ավարտած: — Լա՛վ արեց, դեռ քիչ էր,- եղավ Պարույրի տեղեկացրածը.- եթե Պարույր Սևակի երեխաները կոնֆետ ուտեն և թղթերը փողոց շպրտեն, ապա մեկ ուրիշի երեխան էլ կարող է գնալ ու մարդ սպանել …

Սկզբունքն այդ էր, և այդպես էր դաստիարակվել նախ նրա ավագ որդին: Այս անգամ արդեն դաստիարակողը Մայայի (խոսքը Սևակի առաջին կնոջ մասին է) հետ միասին նրա մայրն էր՝ Անահիտ Ավետյանը (դերասան Գրիգոր Ավետյանի եղբոր դուստրը, հայրը’ Սեդրակ Ավետյանը, եղել է Ներսիսյան դպրոցի վերջին տեսուչը): Դեռևս Հրաչոյի մանկության տարիներին Պարույրն իրեն երջանիկ էր համարում, որ որդուն մեծացնում է մի այնպիսի կիրթ, ազնիվ ու արդարամիտ կին, որպիսին է Անահիտ Ավետյանը: եթե չեմ սխալվում, նման գրառում ունի օրագրերում, և հետադարձ հայացքով կասկած չունեմ, որ այդ պատկառելի կնոջից Սևակը սովորել-վերցրել է շատ բան, այդ թվում երաժշտության սեր ու գիտելիքներ:

Եվ ահա՛ բախտը, կամ ավելի ճիշտ Պարույրը, Մայայի և Նելլի կողմերի մարդկանց բերել կանգնեցրել էր դեմ-դիմաց, կանգնեցրել էր՝ լինելով նրանց փոխհարաբերությունների ոգին: Սևակը մարդկային հարազատություն ճառագող-տարածող էր, ասես, մոգական ուժով նրան շրջապատող մարդիկ մոտենում, մտերմանում էին միմյանց. այդպես էլ նրա կանայք, նրանց հարազատները’ շարժելով շատերի զարմանքը: Այնինչ զարմանալին, անբնականը Պարույրի դեպքում կլիներ հակառակը:

Իր երիտասարդական մտորումները, տրամադրութոյւնները Հրաչոն ավելի կիսում էր Նելլիի, քան հոր հետ: Մայայենց ընտանիքը Նելլիի համար հարազատ օջախ էր, և, եթե պատահում էր նեղանում-խռովում էր Պարույրից, երեխաներին առած չվում էր նրանց տուն: Մի անգամ հեռախոսով կատակեցի. — Հերա՞նց էիր գնացել…

Ծիծաղեց.- Էլ ո՞վ ունեմ…

Հարաբերություններն այդպիսին էին, քանի որ Պարույրը Մայային, նրա ծնորղներին, եղբորը, մյուս արյունակիցներին շարունակում էր վերաբերվել նույն հարազատությամբ:

Ամեն առիթով մեծ հարգանքով էր խոսում նաև Նելլիի հարազատներից. Հորից, որ երկաթուղային բանվոր էր, աշխատավոր, համեստ մարդ. Քրոջից ու քրոջ ամուսնուց, նրանց ազնվությունից ու արդարությունից: Իսկ իր մոր հանդեպ Պարույրի վերաբերմունքից պատմել է Նելլին, երբ նրանց մոտ էինք մոր մահվան առիթով: Մահից մի երկու ամիս առաջ, Նելլիի ծննդյան օրը մայրը եղել էր Երևանում: նելլին անչափ զգացված պատմում էր, թե Պարույրը որպիսի սրտառուչ խոսք է ասել մորը: Կրկնվող շնորհակալություններով Նելլիի համար, հերթով այս ու այս անձնազոհությունների համար, առանձին շնորհակալություն իրեն պարգևած Արմենի, առանձին՝ կորյունի համար … Պատմում էր ու կրկնում.

— Կարելի է զարմանալ, կարծես Պարույրը կանխազգալով հրաժեշտի խոսք էր ասում (հեղինակը նկատի ունի նրանց վաղահաս մահը)… Բայց մորս առանձնապես բան չէր պատահել, ինչպես միշտ վերջին տարիներին, ցավում էր կողքը:

Ամուր, ուժեղ, խելոք ու օժտված անհատականություն էր Նելլին, նրա մեջ չկար քաղքենիական «ցացայության», անբնականության նշույլ: Պատկերային համանվագային, միաժամանակ վերլուծական-զուգորդական երես-աստառով հունցվող-հյուսվող սևակյան դրամատիկ արվեստը զգում-հասկանում էր մեզնից էլ լավ և անկեղծորեն բորբոքվում էր, երբ չէին հասկանում՝ «գրականագետ պրոֆեսորներ»: Այդ գիտակցությամբ էլ պատրաստ էր գնալ ամեն զոհաբերության: Իրոք, անկարելի է մեծագույն սիրով ու հարգանքով չվերաբերվել Նելլիին, նրա հիշատակին՝ քիչ թե շատ ծանոթ լինելով նրանց ապրած դժվարին կյանքին: Եղավ ժամանակ, երբ կենցաղային հոգսերի հոգնած-ձանձրացած՝ ցանկացավ դասեր ունենալ համալսարանում: Թեև Սևակը դեմ էր, հաջողվեց: Բայց շուտով էլ, առանց ծանրացնելու թողեց. – Հնարավոր չէ, Պարույրը գիշերները աշխատում է, արթնանում ուշ՝ սաստիկ հազով, պետք է լինում տաք կաթ, տաք հեղուկ տալ. դե՛պիտի կողքին լինեմ:
Զարմանալի ֆիզիոլոգիա. Պարույրի հազը կրկնվում էր ամեն օր. ըստ երևույթին, նրա անձնականությունը թունոտ ոչինչ չէր ընդունում նաև ֆիզիկապես և օրվա ընդունած նիկոտինն ու երևանյան աղտոտ օդը նույն օրն էլ արտամղում էր՝ կուրծքն ու կոկորդը քրքրելով…

Հետաքրքիր դեպք նրա կյանքից

Մի անգամ, երբ Պարույր Սևակը Վարդգես Բաբայանի հետ Չանախչիից Արտաշատ է վերադառնալիս լինում, որոշում է նստել առաջին պատահած մեքենան, որը կկանգնի: Մի երկու մեքենա են անցնում, մինչև մեկը կանգնում է’ “տեղ-տեղ ցեցը կերած, հալից ընկած “Պոբեդա”,- գրում է Վարդգես Բաբայանը: Պարույրը նստում է վարորդի կողքին, հետի զոլավոր խուրջինը տեղավորում ոտքերի տակ: Վարորդը, քթի տակ խնդմնդալով, հարցնում է.
-Ի՞նչ է միջինը:Սևակը որսում է ծաղրը և ասում.
-Նավթալին:-Էսքան նավթալինն ինչի՞դ է պետք:
-Պե՞տք է, վերցրու լցրու ավտոյիդ վրա, ցեցը չուտի…
-Էս էլ որ չլիներ, պարախոդո՞վ էիր գնալու:
-Չէ’, ինչո՞ւ, էշախոդով:
-Դրա շինողը սա՞ղ է,
— Պարույրի չիբուխը ցույց տալով՝ հարցնում է վարորդը:
-Չէ’, մեռել է:
-Ափսո՜ս…
-Ի՞նչն է ափսոս:
-Մի հատ էլ դրանից ինձ համար շիներ:
— Որ շատ ես ուզում, մեր տանը սրա նման մի լուլակ կա (երեխայի միզելու հարմարանք օրորոցում), կտամ քեզ՝ մեջը թութուն լցրու’, հա՜ ծխի…Ծիծաղում են:
Այդպես լեզվակռիվը շարունակվում է մինչև Արտաշատ: Երբ իջնում են, Պ. Սևակին է մոտենում այդ ժամանակ միլիցիայի կապիտան Ցուցուլյանը, ու նրանք ջերմորեն գրակախառնվում են:
-Ախպոր պես ասա’, ո՞վ է,
— Բաբայանի ականջին փսփսում է վարորդը:
-Պարույր Սևակը:
-Վայ ամա՜ն, խայտառակ եղա,-ասում է վարորդը ու արագ քշում հեռանում:
-Ա՜յ տղա, արի փո՜ղդ ստացիր, ո՞ւր ես փախչում,- ծիծաղելով ձայնում է Պարույրը:

Հուշեր Պարույր Սևակի դպրոցական տարիներից

Գյուղական անհրապույր փոքրիկ ակումբի բեմում հաճախ էր ելույթ ունենում դպրոցի ինքնագործ թատերական խումբը, որի կազմակերպիչն էր Պարույրը: Բեմադրում էին հիմնականում մեկ գործողությամբ պիեսներ:

…1939 թվականին ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԹԻ հազարամյակի առթիվ խումբը ներկայացումով հանդես է գալիս հարևան գյուղում:
Կեսգիշերին տուն վերադառնալիս ճանապարհին հանդիպում են …գայլի:

Որսորդ Մելքոնը, ով դպրոցի տնտեսական մասի վարիչն էր, հրացանը կրակում է և սպանում գայլին:Դերասաններն որսը քարշ տալով բերում են գյուղ, և երբ լույսը բացվում է, պարզվում է, որ ՔԱՋ որսորդի խփածը շուն է:Պարույրը այդ դեպքի առիթով գրում է զավեշտական մի ոտանավոր՝ ՉԱՆԱԽՉԻԱԿԱՆ ԺՈՂ. ԷՊՈՍ, որը դպրոցի գյուղի երեխաներն արտասանում էին՝ ձեռք առնելով տնտեսական մասի վարիչին.

ԳՆԴԱԿՆ ԱՆՑԱՎ ՇԱՌԱՉՈՎ,

ԳԱՅԼԸ ԸՆԿԱՎ ՀԱՌԱՉՈՎ,

ՇՆԻԿՆ ԸՆԿԱՎ ՍԵՎ ՀՈՂԻՆ,

Ի՞ՆՉ ԷՐ ԱՐԵԼ ՄԵԼՔՈՆԻՆ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s