Վահան Տերյանի նամակները

Վահան Տերյանի Նամակները

Վահան Տերյանի նամակների մեկնաբանությունը

Նամակ Նուարդ Թումանյանին

Ուշանում է Ձեր նամակի պատասխանը, բայց Դուք չպիտի նեղանաք, սիրելի Նուարդ: Չեմ ուզում պատճառաբանել նամակիս ուշանալը, նախ նրա համար, որ ավելի լավ է հավատալ բարեկամներին և ոչ մի վատ բան չենթադրել այդպիսի դեպքերում: Երկար կլիներ գրել և հետաքրքրական չէ այդ ամենը, բայց առավել այն պատճառով, որ ամեն պատճառաբանություն կարելի է այս կամ այն կերպ հերքել: Այս դեպքում ես ունեմ հիմնավոր պատճառներ, եթե միայն կարելի է հիմնավոր համարել որևէ պատճառ: Սակայն առհասարակ կուզեի, որ կանոն լիներ մեր մեջ գրել այն ժամանակ, երբ«գրվում է», երբ կա հոգեկան և ֆիզիկական հնարավորություն: Այս ամենն ասում եմ, որ մեր մեջ դատարկ բանի համար թյուրիմացություն չպատահի: Եվ, իրավ, ինչ արժե այն նամակը, որը գրվում է միայն գրված լինելու համար:
Այս փոքրիկ նախաբանը թող սրտմտություն չպատճառի Ձեզ: Серьезно,да. Լինենք միշտ ազատ և անկեղծ, որքան հնարավոր է: Կարծեմ կան ծաղիկներ, որոնք փակվում են երբ մոտենում ես, կամ ձեռք ես տալիս նրանց, կարծեմ կան այդպիսի ծաղիկներ: Հոգին ավելի քան այդ ծաղիկները վախենում է կեղծիքից ու բռնությունից: Վերջերս ես այնքան եմ ամփոփվել իմ մտածումներով ու զգացումներով իմ մեջ, որ շատ քչերի հետ, գրեթե ոչ ոքի հետ,բացի Պաուլոյից, նամակագրություն չունեմ և նամակ գրելուց ետ եմ սովորել:
Իսկ պաշտոնական կամ կիսապաշտոնական նամակագրությունից գրեթե զզվում եմ: Դրա համար էլ կուզեի նամակագրության ժամանակ ինձ միանգամայն ազատ զգալ և անպատասխանատու,ինչպես ինքս իմ առջև: Հակառակ դեպքում ինձ համար կստեղծվեն շատ անախորժ մոմենտներ: Բանն այն է, որ նամակ գրելը ես համարում եմ մի զրույց, իսկ ընկերական և մտերմական զրույցի ժամանակ խոսքեր չես ընտրում և չես աշխատում խոսել տրամաբանորեն ու «խելոք», այլ զրուցում ես անբռնազբոսիկ, ազատ, առանց վախենալու և քաշվելու: Ահա թե ինչու ես ասում եմ, որ նամակը պետք է միայն այն մարդը կարդա, ում գրված է նա: Նամակում գրածիս համար ոչ ոք իրավունք չունի ինձ պատասխանատվության կոչելու, ինչպես իմ մտերմին ասած մասնավոր, ինտիմ խոսակցության համար ինչին էլ վերաբերվի այդ զրույցը: Ահա այսպիսի ինտիմ նամակագրություն եմ սիրում ես: Ուրիշ տեսակ՝ ոչ: Ձեր նամակը ինձ ուրախացրեց և տխրեցրեց: Ուրախացրեց, որովհետ և Դուք էիք գրել այն, տխրեցրեց, որովհետև բուռն ցանկություն զգացի Ձեզ տեսնելու և ջերմ համբուրելու, իսկ Դուք չկայիք և հեռու էիք……

Եվ հիշեցի ես հորդ անձրևի տակ
Սլացող կառքը, որ տանում էր մեզ,
Եվ քո խոսքերի կարկաչունն արագ,
Եվ քո աչքերի փայլը հրակեզ......Մտաբերեցի և՜ «Եդեմ» այգին,
Եվ համբույրները տարփոտ գգվանքում,
Երբ հրահրում է կուրծքըս քո կրծքին
Մի բոցով այրում հոգիս քո հոգում .....Եվ հրաժեշտը մեր տխուր ու ցուրտ,
Երբ մենք անկարող գրկել մեկմեկու,
Ձեռք էինք պարզում սառն ու անխորհուրդ,
Որպես առօրյա ծանոթներ երկու.....Բայց գուցե մնաց և քո հոգու մեջ
Մի տխուր նվագ, լուսեղեն մի հուշ,
Որպես սիրելի պոետից մի էջ,
Որ ժպտում է միշտ գգվանքով անուշ.......

Չկարծեք, սիրելի Նվարդ, որ ես սովորություն ունեմ իմ նամակները «պոեզ»-ներով զարդարելու: Քավ լիցի: Այս էքսպրոմտը վաղուց «լեզվիս վրա» էր, ինչպես ասում են դուրս թռավ:Այս «պոեզ»-իս ներող աչքերով նայեցեք և խիստ մի դատեք: Գուցե ապագայում նա ավելի շնորհալի հագուստով ու ձևով ներկայանա Ձեզ, թեև նա նույնը կլինի (եթե միայն «համաձայնի» փոխվել): Թող Ձեր անուշ աչքերը սիրով ընդունեն իմ այս տխուր թռչնակին:
Դուք ուզում եք , որ «այն գրքույկը» ղրկեմ, բայց ես առայժմ չեմ ղրկում: Գուցե ինձ հաջողվի մի ավելի լավ հիշատակ ղրկել Ձեզ, երբ այս չոլ երկրից դուրս գամ լույս աշխարհ: Համենայն դեպս ես երբեք չեմ զլանա Ձեզ «մնայուն» հիշատակ նվիրելուց, եթե միայն Ձեր մեջ «մնայուն» լինի այդպիսի հիշատակ ունենալու և մոռացության ցանկություն չզգաք դեպի իմ հիշատակը: Այդպես եմ ասում, որովհետև իմ սիրտը տխուր է այսօր, թեպետև պայծառ տխրությամբ: Ահա մեր սարերն էլ այսօր մշուշով են պատել իրենց բարձր գլուխները, որովհետև իմ սիրտը տխուր է: Այո, ես այդպես եմ կարծում: Серьезно,да!
Սեղանս զարդարված է այդ կապույտ ու կանաչ սարերի վայրի, քնքուշ ծաղիկներով: Շատ են, անունները չգիտեմ: Մի առանձին փունջ էլ կա անմոռուկներից: Ահա այդ փնջից ուղարկում եմ մի սիրուն ու լավ աղջկա մի քանի ծաղիկ, որ նա ինձ չմոռանա……Եվ եթե այդ սիրուն ու լավ աղջիկը մեր սարերում լիներ ինձ հետ, գիտեք որքան լավ կլիներ, ես պիտի ասեի նրան. «սիրուն աղջիկ, տեսնում ես ահա մեր սարերը լա՜յն ու բաց, տեսնում ես որքան ծաղիկ կա այնտեղ ահա այդպես լայն ու բաց է և իմ սիրտը և այնտեղ ավելի շատ ծաղիկներ կան քեզ համար, քան այս սարերում բարձր, և դաշտերում լայն, որովհետև ես այս սարերի զավակն եմ և այս դաշտերի մանուկը»: Այդպես կասեի ես այն սիրուն աղջկան, եթե նա մեր սարերում լիներ ինձ հետ, այն աղջկան, որին այսօր ուղարկում եմ մի քանի ծաղիկ մեր սարերից, մի քանի անմոռուկ, որ նա ինձ չմոռանա……..
Բայց կուզեի, որ այդ աղջիկը ինձ «սենտիմենտալ» տղու տեղ չդներ:
Серьезно,да. Մինչև վստահելի մարդ չգտնեմ, չեմ կարող նամակը ուղարկել քաղաք՝ փոստ: Ինձ ասեցին, որ վաղը մեկը քաղաք է գնում, բայց ես վախենում եմ, ուստի շատ կուզենայի իմանալ, արդյոք հասավ սույն ուղերձը նաև նրա համար, որ ուզում եմ Ձեզանից մի լուր իմանալ: Ի դեպ, որտեղ եք լինելու ամառը:
Ձեր Վ.Տ

«Ես մի քանի տրիոլետ եմ գրել Ձեզ համար, իմ սիրելի, իմ լավ Նուարդ, բայց ուղղելու կարիք կա, ուստի չղրկեցի: Ուզում էի, որ «տրիոլետների մանյակ» լինի դա, բայց ամեն անգամ երբ նստում էի Ձեզ գրելու, միտս էին ընկնում այդ կիսատ մնացած տրիոլետներս և գրելու տրամադրությունս փախչում էր……
Ահա, սիրելի Նվարդ, իմ տրիոլետներից երեքը: Պետք է լինի յոթը, բայց մնացյալները դեռ շատ են անմշակ: Գլուխս սաստիկ խառն է զանազան գործերով ու կողմնակի մտածումներով,

ուստի. պոեզներով զբաղվելու ժամանակ չի լինում բոլորովին….
Առայժմ վերջացնում եմ նամակս, որ ուղարկեմ, իսկ եթե հետաձգեմ նոր բաներ ավելացնելու՝ կմնա և գուցե ետ մտածեմ՝ ուզենալով նորը գրել և այսպես ձգձգվի:
Ամենաջերմ համբույրներով
Ձեր Վահան»

Նամակ Անտենկաին

Ա Միսկարյանին
                      1911,26 ապրիլի,Մոսկվա

   Սիրելի Անտենկա

Տարօրինակ զգացում  համակեց ինձ ,երբ կարդացի ձեր վերջին նամակը:
  Դա անքուն անցկացրած  գիշերից հետո էր. այստեղ Թիֆլիսից  եկած
հայկական թատերախումբն էր,և ներկայացումներից հետո հասարակությունը դերասաններին ընթրիք էր տալիս: Այդ ընթրիքին ես էլ կայի: Ընթրիքը երկար ձգվեց:
           Մենք մի ընկերոջ հետ դուրս եկանք և ուղղվեցինք մեր տուն: Տուն գալով ,որոշեցինք չքնել և երկար ժամանակ զրուցում էինք: Առավոտյան թեյից հետո,պառկեցինք մի քիչ հանգստանալու:
     Հենց այդ ժամանակ բերին ձեր նամակը: Ես կարդացի ու այլևս չկարողացա քնել: Ինչու,չգիտեմ: Ինձ համար շատ տարօրինակ էր: Արթմնի ես զգում էի ձեր ներկայությունը,շոշափելիորեն զգում ձեզ, լսում էի ձեր ձայնը… ես անասելի լավ էի զգում ինձ…. Չկարծեք,թե քնած էի…..
   Դրանից հետո ես նստեցի գրելու ձեզ . գրեցի մի սարսափելի ցնդաբանություն,որը,սակայն, կարող էի կրկնել և հիմա և չեմ կրկնում միայն նրա համար,որ ձեզ չվիրավորեմ:Թեև ինձ թվում է,դուք չպետք է վիրավորվեիք դրանից:
     Բայց թողնում եմ այդ ամենը: Միայն խնդրում եմ չբարկանաք ինձ վրա և մեկ էլ ոչ ոքի ցույց չտաք նամակներս,ինչպես և ես  ցույց չեմ տա ձեր նամակները ոչ ոքի, բացարձակապես ոչ ոքի: Հուսով եմ, խնդրանքս կկատարեք,գոնե երկրորդը,ինչ վերաբերվում է առաջինին,նույնպես հույսս չեմ կորցնում:
    Մի՞թե իսկապես ամուսնանում եք Մորոզովի հետ: Այո՞: գրեցեք, մի՞թե չեք գա Մոսկվա:Ե՞րբ կգաք:(Ըստ հնարավորին ստույգ):
    Պարապում եմ: Հարցնում եք իմ մուսայի մասին: Նա ձեզ խոնարհ ողջույն է ուղարկում: Աշնան ուզում եմ(ավելի շուտ աշնան կողմ) լույս նծայել բանաստեղծություններիս երկրորդ գիրքը,որը, իհարկե, կուղարկեմ ձեզ( որպեսզի այն չկարդաք ,դե գոնե կնայեք):
          Դե, առայժմ:
                     Համբուրում եմ*  ձեզ պինդ:  

Անտենկա… (Անթառամ Միսկարյանին):

1908 , 27 դեկտեմբերի

Ես տխուր եմ :Ես միշտ տխուր եմ լինում,երբ գալիս են տոների և համընդհանուր ուրախությունների հանդիսավոր օրերը:Հիմա ես արև եմ ուզում,Անտենկա,ավելի շատ լույս ,երաժշտություն ,գուրգուրանք….
Տխուր եմ ,անսահման տխուր…Բայց ինչո՞ւ եմ գրում Ձեզ այս մասին :Ինչո՞ւ եմ վշտացնում Ձեզ իմ այս տխուր խոսքերով ….

«Ես գրեթե համոզված եմ, որ կսիրեմ Ձեզ այս բառի լավագույն իմաստով, ես հիմա սովորել եմ շատ բարձր գնահատել մարդկային սերը, սերը մարդու նկատմամբ, այլ ոչ թե սեռի, նույնիսկ պատրաստ եմ ավելի բարձր դասել սեռական սիրուց, որը հազվադեպ է գեղեցիկ ու խորունկ լինում:Իսկ ինչ վերաբերվում է Ձեզ,շատ եմ վախենում,որ ինձ տեսնելով ու մոտիկից ճանաչելով ՝հիասթափվեք:Չնայած ինձ թվում է,որ ես ավելի ստոր չեմ ուրիշներից :Ավելի հիմար էլ չեմ նրանցից:Սիրելի Անտենկա ,շուտ եկեք:Իսկ եթե չգաք ,ես ,իհարկե, ինքնասպան չեմ լինի և Մոսկվա գետը չեմ նետվի ,բայց շատ կտխրեմ:
Ամուր-ամուր սեղմում եմ ձեր ձեռքը .ցավեցնելու չափ»:

Հ.Գ.Այս նամակից երեք ամիս անց՝ Տերյանը հանդիպում է Սուսաննային ….Նրանց կապը չընդհատվեց…Տերյանը շատ էր զգում Անթառամի կարիքը…Նրանք շարունակում էին հաղորդակցվել նամակներով…նամակները գնալով դարձան ավելի քնքուշ ու զգացական…

Ավ.Ւսահակյանին

1908 ,23 ապրիլի,Թբիլիսի

Սիրելի Ավետիք

Այսօր ստացա նամակդ ,որ Մոսկվայից շրջան գործելով հասել էր ինձ վերջապես: Ինձ համար շատ գնահատելի է քո գովասանքը իմ ոտանավորների վերաբերմամբ:Մտադիր էի հրատարակելու մի փոքրիկ գրքույկ ,սակայն կարծեմ չպիտի հաջողվի «ինձնից անկախ պատճառներով»: Թեև մյուս կողմից ես այնքան էլ չեմ շտապում առանձին գրքով լույս ընծայելու այդ տողերը:
   Ես հույս ունեի քեզ այստեղ գտնելու:Այժմ սպասում եմ ,հուսով եմ ,որ կտեսնվենք,թեև կարող է պատահել,որ ես գնամ գյուղ,որովհետև եթե մնայի,պիտի մնայի գրքի հրատարակության համար,իսկ այժմ միտք չունի մնալս,որովհետև առողջությունս բոլորովին քայքայված է և կարևոր է լուրջ բժշկվել և հանգիստ կյանք վարել:Քո Մոսկվա գնալու միտքը հիանալի է,և ես կարծում եմ ,որ այնտեղ կարելի կլինի դասեր գտնել,թեև դու  լավ ապրուստի սովոր լինելով շատ փողի կարիք կունենաս,այնպես որ քեզ երևի հարկավոր կլինի ամիսը առնվազն 75-80 ռուբլի,որ դասերով դժվար է հայթայթել:
Մի խոսքով կգաս այստեղ ,կխոսենք ավելի երկար և ծրագրեր կկազմենք,ինձ թվում է , որ դա կարելի բան է:
        Այստեղ ծանոթացա օրիորդ Քոչարյանին,որը քեզ շատ է սիրում և միշտ քո մասին է խոսում:Քո մասին շատ բաներ եմ լսել,բայց այդ ամենը գրել չարժե-կգաս կզրուցենք:Մեր 
Ս-Դ.-ական  «Գործում» ուզում էի քո մասին գրել՝ փակել են ամենալիրբ  կերպով-տեսնենք. ասում են «Մամուլ» պետք է լույս տեսնի՝ես այնտեղ կգամ,որովհետև քո քննադատներից գոհ չեմ:Խնդրեմ դա չընդունես իբրև ինքնահավանություն,այլ միայն անհամաձայնության մտքով եմ ասում ես այդ:
Տեսնենք:
 Դու հարցնում ես Մագուրի մասին-քեզ եմ նվիրում նրան-վայելիր: Ես արդեն նրա հետ կապերս կտրել եմ:Ասում են այստեղ դու սանինիզմ ես քարոզում…Մի՞թե չգիտես,որ դա միայն Ռուսիայի օրհնված դաշտերում կարող է սնվել և պտուղներ տալ:

 Առայժմ այսքանը:
Կտեսնվենք կխոսենք:
                                                 Քո Վահան

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы