Եղիշե Չարենց. Բանաստեղծություններ

Տաղ անձնական

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով –
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Անց եմ կենում. շուրջս -մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար. –
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, – ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:
Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի,
Եվ ո՞ւմ համար, էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի –
Ես -հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՜ն վտարանդի՝
Դեպի երկի՜նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի –
Իմ բա՜րձր, հին ու աստղային երազների ճանապարհով…
Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՛չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում –
Ասե՛ք նրան՝ Չարենցն ասավ -մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…

Ով է Կարինե Քոթանճյանը

Ո՞վ էր Կարինե Քոթանջյանը: Կարինեն ու Չարենցը ծանոթացել էին Կարսում: Հետո Կարինեին հարազատները տեղափոխել էին Թիֆլիս՝ պատերազմի թոհ ու բոհից հեռու, առավել ևս, որ Կարինեն ընկերուհիների հետ ցանկանում էր մեկնել ռազմաճակատ:Բայց Կարինեն չէր կարող հայրենիքից հեռու լինել: Ու այն ժամանակ, երբ ուրիշները փախչում էին հայրենիքից, Կարինեն՝ հետևելով Թումանյանի կոչին՝ օգնել որբերին և գաղթականներին, 1915թ-ին Թիֆլիսից գալիս է Էջմիածին՝ գթության քույր աշխատելու համար: Կարճ ժամանակ անց, սակայն, նա ծանր հիվանդանում է: Հարազատների ջանքերով Կարինեին տեղափոխում են Մոսկվա՝ բուժվելու:1916թ-ի գարնանը Կարինեն կարճ ժամանակով գալիս է Կարս, ուր և դարձյալ հանդիպում է Չարենցին: Նա Չարենցին համոզում է մեկնել Մոսկվա և ուսանել Շանյավսկու ժողովրդական համալսարանում:1916թ-ի սեպտեմբերին Չարենցը մոր օգնությամբ համոզում է հորը՝ ֆինանսավորել իր Մոսկվա ուղևորությունը: Մոսկվայում Չարենցն ու Կարինեն ապրում են բուռն կյանքով: Չարենցը գրում է «Վահագն», «Աթիլլա» պոեմները և «Ծիածան» ժողովածուն (որը և հրատարակում է Մոսկվայում):1917թ-ի մարտին Չարենցը որոշում է վերադառնալ հայրենիք ,իսկ Կարինեն մնում էր Մոսկվայում:

ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:
Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:
Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ երբ հոգնած է եղել, — երբ խաբվել է սիրուց —
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Մտորում ես դու տխուր, — օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:
Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s