Հեռավար ուսուցում. 30.03-14.04

Հետազոտական աշխատաքն՝ 21-րդ դարի կարևորագույն իրադարձությունները

2008 թվական

1. Սկսենք 2008թ. տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունից՝ մարտի 1-ի իրադարձություններից:

2008թ. մարտի 1-2-ի ողբերգական իրադարձություններից անցել է 12 տարի: 2008թ. մարտի լույս 2-ի գիշերը Երևանի կենտրոնում ոստիկանական զորքերի ու ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվեց Հայաստանի  10 քաղաքացի, որից 8-ը հանրահավաքների մասնակիցներ էին, իսկ 2-ը՝ ոստիկաններ:

Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 19-ին Հայաստանում տեղի էին ունեցել ՀՀ նախագահի ընտրություններ, դրան հաջորդող օրերին՝ մինչև մարտի 1-ը ներառյալ, Ազատության հրապարակում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն անցկացնում էին շուրջօրյա ցույցեր ու հանրահավաքներ:

Մարտի 1-ի առավոտյան՝ ժամը 6։30-ին, Ներքին գործերի նախարարութան ուժերը, մահակներով, էլեկտրական հարված հասնող սարքերով հարձակում գործելով Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների վրա, ցրեցին նրանց, որոնց թիվը, ըստ հաղորդվող տվյալների, կազմում էր 700-1000 մարդ։ Հետո ականատես-մասնակիցները մարտիմեկյան դատավարությունների ընթացքում պիտի վկայեին, որ իշխանական ուժերը զենքեր և նռնակներ էին տեղադրել քնած բողոքարարների վրաններում՝ Ազատության հրապարակը, ինչպես այն ժամանակ էր ձևակերպվում՝ մաքրելու համար:

Մարտի 1-2-ի բախումների ժամանակ 10 մարդ է զոհվել։ Նրանք են՝ Տիգրան Խաչատրյան, Զաքար Հովհաննիսյան, Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Արմեն Ֆարմանյան, Սամվել Հարությունյան, Տիգրան Աբգարյան (զինծառայող), Գրիգոր Գևորգյան, Հովհաննես Հովհաննիսյան, Համլետ Թադևոսյան (ոստիկանության ծառայող): Շուրջ 300 մարդ մարմնական, հրազենային, բեկորային և այլ վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոցներ:

Մարտիմեկյան քրեական գործի նյութերի համաձայն՝ նշված իրադարձությունների ժամանակ 278 անձ (221 ոստիկան և 57 քաղաքացիական անձ) ստացել են մարմնական վնասվածքներ, վնասվել են տասնյակ տրանսպորտային միջոցներ, իսկ տուժող են ճանաչվել ոստիկանության 220 աշխատակից և զինծառայող, ինչպես նաև 58 քաղաքացիական անձ, որոնցից 20-ին պատճառվել է մարմնական վնասվածք, իսկ 38-ին`գույքային: Արդյունքում՝ մեղադրանք առաջադրվեց 152 անձի, սակայն նրանցից միայն 117–ի վերաբերյալ գործը ուղարկվեց դատարան:

Մարտի 1-2-ի իրադարձություններից հետո հարյուրավոր մարդիկ հայտնվեցին անազատության մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ (Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը) 301–րդ՝ իշխանությունը զավթելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, 316-րդ իշխանության ներկայացուցչի՝ նկատմամբ բռնություն գործադրելը, 176-րդ՝ ուրիշի գույքի հափշտակություն հոդվածների հատկանիշներով:

2008թ. մարտիմեկյան իրադարձությունների պատճառով բոլոր դատապարտված անձինք, որոնց թվում բազում քաղաքական գործիչներ կան, ազատ արձակվեցին 2009թ. հունիսի 19-ին և 2011թ. մայիսի 26-ին ՀՀ ազգային ժողովի Համաներման որոշումների հիման վրա։ Ի դեպ, դատաքննությունների ընթացքում մի շարք առանցքային վկաներ հայտնեցին, որ իրենց նախաքննական ցուցմունքները կորզվել են լուրջ հոգեբանական և ֆիզիկական ճնշումների ներքո:

2018թ. իշխանափոխությունից հետո «Մարտի 1-ի» քրեական գործը վերաբացվեց, և մեղադրանք առաջադրվեց մի քանի նախկին պաշտոնյանների, այդ թվում նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Վերջինս 2018թ. հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Իմ կարծիքով այս իրադարձության համար վաղուց պետք է պատասխանատվության ենթարկեին մեղավորին: Իսկ առանց պատճառ կրակ բացելը անմեղ քաղաքացիների վրա դա ամենաանպատասխանատու քայլն էր:

Մարտի 1-ի բացահայտում

2. Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով` 2008թ. ամենակարևոր իրադարձություններից մեկն էր վրաց-օսեթական պատերազմը:

«Ինձ թվում է, որ 2008 թվականի տարածաշրջանի ամենակարևոր իրադարձությունը Օսեթիայի պատերազմն էր, որը բավականին շատ բան փոխեց տարածաշրջանում, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերություններում»,- ասել է Ա. Իսկանդարյանը:

Իմ կարծիքով այս իրադարձությունները իրոք մեծ ազդեցություն ունեցավ հայ-թուրքական հարաբերությունների վրա:

2010 թվական

2010 թվականը հարուստ էր երկրի քաղաքական, հասարակական, տնտեսական կյանքի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի, երկար տարիներ գոյություն ունեցող խնդիրների որոշման վրա ազդեցություն ունեցած իրադարձություններով:

1. ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. հարված թուրքական ժխտողական քաղաքականությանը

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մարտի 4-ին ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Բանաձևի ընդունմանը «կողմ» քվեարկեց 23 կոնգրեսական, դեմ՝ 22 կոնգրեսական:

Փաստաթղթի ընդունման օգտին արտահայտված կոնգրեսականների մեծամասնությունն իրենց որոշումը բացատրել են նրանով, որ բանաձևի ընդունումը պետք է նախադեպ դառնա ապագայում ցեղասպանությունների կանխման համար: Երեսուն կետից բաղկացած փաստաթուղթը (թիվ 252 բանաձև) կոչ է անում ԱՄՆ նախագահին՝ ջանքեր գործադրել մարդու իրավունքներին և ազատություններին, էթնիկ զտումների և Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերին արժանի լուծում տալու համար: Բանաձևն ընդունվել է Կոնգրեսի հանձնաժողովի կողմից՝ չնայած թուրքական կողմի կոշտ դիմադրությանը և Պետդեպարտամենտի բազմաթիվ զգուշացումներին:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը համամարդկային արժեքներին ամերիկացի ժողովրդի նվիրվածության վկայությունն է և կարևոր քայլ է մարդկության դեմ ոճիրների կանխարգելման ճանապարհին: Հանձնաժողովի կողմից հավանության արժանանալուց հետո փաստաթուղթը պետք է ընդունվի Կոնգրեսի լիագումար նիստի ժամանակ:

Մեկ շաբաթ անց Հայոց ցեղասպանության փաստը ճանաչեց Շվեդիայի խորհրդարանը: Այս իրադարձությունը լրջագույն հարված էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը դադարեցնելու Թուրքիայի փորձերին, որը փորձում էր թաքնվել հայ-թուրքական արձանագրությունների ետևում:

Իմ կարծիքով ցեղասպանության ճանաչումը կոնգրեսի կողմից դա ևս մեկ քայլ էր դեպի արդարության, քանի որ չպետք է այդպիսի դաժան արարքները մնան անպատիժ:

2. Օտարալեզու դպրոցներ.

2010 թ.-ին անսպասելի սուր էր հասարակության մի մասի արձագանքը երկրում օտարալեզու, համաշխարհային բարձրագույն չափորոշիչներին համապատասխանող դպրոցներ բացելու նախաձեռնությանը: Նմանատիպ դպրոցների բացումը նախատեսող օրինագծի շուրջ թեժ կրքեր բորբոքվեցին: Ուսուցման նմանատիպ մեթոդի հակառակորդները խոսում էին ազգային ինքնությանը սպառնալիքների մասին:

Սակայն նախաձեռնության հեղինակները կարծում են, որ նմանատիպ դպրոցները բացումը կբարձրացնի կրթության որակն ու արդյունավետությունը, և երկիր կբերվի  առաջատար պետությունների փորձը: Բացի ներդրումների հոսքից, նմանատիպ ուսումնական հաստատությունների առկայությունը, նրանց կարծիքով, պետք է ապահովի կրթական մոդելների բազմազանություն:

Օտարալեզու դպրոցներում կպահպանվի հայագիտական խմբի առարկաների ուսուցումը հայերեն լեզվով, այդ խմբում ներառված են հայոց լեզուն և գրականությունը, հայ ժողովրդի պատմությունը, հայոց եկեղեցու պատմությունը, Հայաստանի աշխարհագրությունը:

Իմ կարծիքով օտարլեզու դպրոցների բացումը լավ ազդեցություն ունի ընդհանուր ազգի կրթության համար:

2015 թվական

1. Փետրվարն աչքի ընկավ երկրի ներքաղաքական կյանքում ցնցումներով։

Փետրվարի 5-ին` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարին նրա առաջնորդ գործարար Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին կտրուկ քննադատությամբ եւ հայտնեց, որ ընդդիմադիր գործընկերների հետ պատրաստվում է արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ պահանջել, եթե երկրի ղեկավարի կողմից նախաձեռնված սահմանադրական բարեփոխումները չեղյալ չհամարվեն: 

Փետրվարի 12-ին իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի նիստին նախագահ Սերժ Սարգսյանը խստորեն քննադատեց Ծառուկյանի գործունեությունը: Բացի այդ, պետության ղեկավարը հարկային ծառայությանը հրահանգ տվեց Ծառուկյանի բիզնեսների ստուգում սկսել եւ քաղաքական գործչին հեռացրեց Ազգային անվտանգության խորհրդի կազմից: 

Ծառուկյանն իր հերթին հայտարարեց, որ ընդունում է նախագահի մարտահրավերը եւ մտադիր է երկրում իշխանափոխություն իրականացնել: Հայ ազգային կոնգրեսի  (ՀԱԿ) եւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդների հետ խորհրդակցությունից հետո փետրվարի 20-ին հայտարարվեց հանրահավանք անցկացնելու մտադրության մասին: Սակայն նախագահական նստավայրում Ծառուկյանի եւ Սարգսյանի հանդիպումից հետո ԲՀԿ առաջնորդը հրաժարվեց հանրահավաքից` ասելով, որ «ոչ մի միջոց չի արդարացնում նույնիսկ մեկ անմեղ մարդու արյան թափվելը»:

Արդեն մարտի 5-ին Ծառուկյանը հայտնեց, որ հրաժարվում է կուսակցության առաջնորդի պաշտոնից եւ հեռանում է ակտիվ քաղաքականությունից: Նրա օրինակով կուսակցությունից դուրս եկավ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, քաղաքապետեր, համայնքների ղեկավարներ եւ մի շարք պատգամավորներ:

2. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստան ժամանեցին մաեստրո Շառլ Ազնավուրը, վիրտուոզ դաշնակահար Եվգենի Կիսինը, oպերային երգչուհի Մարիա Գուլեգինան, հայտնի դիրիժոր եւ ջութակահար Վլադիմիր Սպիվակովը, ռեժիսոր Պատրիկ Մալաքյանը, հանրահայտ Kronos Quartet-ը։

Ապրիլի 24-ին համայն հայությունը նշեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Նախորդ ամիսներին Հայաստանում եւ ողջ աշխարհում կայացան այդ տարելիցին նվիրված տարբեր միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, սեմինարներ, ֆիլմերի ցուցադրություններ, ներկայացումներ։

Սակայն հիմնական գործողությունները տեղի ունեցան Երեւանում։

«Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսով կայացած միջոցառումներին մասնակցելու համար Հայաստանի մայրաքաղաք ժամանեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը, ինչպես նաեւ 60 երկրների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, խորհրդարանների խոսնակներ, կառավարությունների ղեկավարներ։ Բարձրաստիճան հյուրերը «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրում մասնակցեցին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի արարողությանը՝  անմոռուկի տեսք ունեցող ծաղկեպսակներին ամրացնելով դեղին վարդեր։

Ինչպես ես նշեցի վերևում անպատիժ ոչինչ չպետք է մնա և սա նույնպես մի քայլեր, որպեսզի ավելի շատ երկրներ լսեն մեր ձայնը, լսեն մեր ողբերգական պատմությունը:

2016 թվական

1. Ապրիլյան պատերազմ

2016 թ.-ի ապրիլին տեղի ունեցավ ղարաբաղյան հակամարտության ամենախոշոր սրումը՝ 1994 թ.-ին Ադրբեջանի, Լեռնային Ղարանաղի և Հայաստանի միջև հրադադարի ռեժիմի շուրջ անժակետ եռակողմ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ի վեր:

Ադրբեջանական կողմը տարիներ շարունակ սրում էր իրավիճակն առաջնագծում՝ անընդհատ մեծացնելով կիրառվող զենքի տրամաչափը և հակադրության մակարդակը, զուգահեռաբար ծախսելով միլիարդավոր դոլարներ՝ հարձակողական զենք գնելու համար: Այս ամենը զուգորդվում էր ռազմատենչ հռետորությամբ և պատերազի քարոզչությամբ:

Ծայրահեղության հասցված ռազմատենչությունն ապրիլի 2-ին վերաճեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի և լայնածավալ ռազմական գործողությունների՝ գրեթե բոլոր տեսակի սպառազինման և ռազմական տեխնիկայի կիրառմամբ, բացառությամբ ավիացիայի:

ԼՂՀ Պաշտպանության բանակը ճնշել է հակառակորդի ագրեսիվ գործողությունները՝ պատճառելով կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ: Տարբեր հաշվարկներով, Ադրբեջանի կորուստները քառօրյա պատերազմի ժամանակ կազմել է առնվազն 800: Զինադադարի շուրջ պայմանավորվածության ձեռք բերման պահի դրությամբ, ադրբեջանական կողմը կորցրել է ավելի քան 30 միավոր զրահատեխնիկա, այդ թվում, 24 տանկ, ԲՄՊ / ՀՄՄ, վեց զրահապատ մեքենա, ինժեներական մեքենա, ծանր հրամետ համակարգ (ТОС 1-А), «Գրադ» համակարգ, երկու ուղղաթիռ և 12 անօդաչու սարք:

Մարտական գործողությունները դադարեցվեցին բանավոր պայմանավորվածությունից հետո, որը ձեռք բերվեց ռուսական կողմի միջորդությամբ՝ պաշտոնական Բաքվի խնդրանքով:

Քառօրյա պատերազմից հետո կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երկու հանդիպում: Մայիսի 16-ին Վիեննայում երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը հանդիպեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների ներկայությամբ: Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացավ Հայաստան, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ բանակցությունները: Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին հակամարտության գոտում վստահության միջոցների ամրապնդման, միջադեպերիհետաքննության մեխանիզմների ստեղծման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական գրասենյակը ընդլայնելու շուրջ: Սակայն այս պայմանավորվածությունների իրականացումը խափանվում է Ադրբեջանի կողմից: Բազմաթիվ փորձագետների կարծիքով, Ղարաբաղի շուրջ բանակցային գորխընթացն այս պահին փակուղում է հայտնվել:

Իմ կարծիքով ապրիլյան պատերազմը դա մեծ հարված էր հայ ժողովրդի համար: Սակայն մենք ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ մենք ուժեղ և կանգուն ազգ ենք:

2. Հռոմի պապի այցը

Հայաստանի պատմության մեջ Հռոմեա–Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդի երկրորդ այցը տեղի է ունեցել հունիսի 24–26–ը։ Առաջին անգամ 2001 թվականին Երևան էր այցելել Հովհաննես Պողոս Երկրորդ պապը` Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700–ամյակի տոնակատարության առիթով։

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդիպում է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, իշխանության ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության և դիվանագիտական կորպուսի հետ, որի ընթացքում Օսմանյան կայսրությունում նախորդ դարասկզբին կատարված զանգվածային սպանությունները բնութագրել է որպես ցեղասպանություն` հաստատելով իր դիրքորոշումն այդ հարցում։

Ֆրանցիսկոս պապն այցելել է «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր, պատարագ է մատուցել Գյումրու եկեղեցում, մասնակցել է Երևանում էկումենիկ հանդիպմանն ու աղոթքին, ինչպես նաև Էջմիածնում Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի մատուցած Աստվածային պատարագին։

Այցի վերջին կետը Թուրքիայի հետ սահմանին գտնվող Խոր Վիրապ վանքի այցելությունն էր, որտեղ Պոնտիֆիկոսը Գարեգին Բ–ի հետ խաղաղության աղավնիներ է բաց թողել բիբլիական Արարատի ուղղությամբ։ Պապի այցի արդյունքներով երկու եկեղեցիների միջև համատեղ հռչակագիր է ստորագրվել։

2018 թվական

1. Հայկական թավշյա հեղափոխություն։

Մարտի 31-ին Ազգային ժողովի «Ելք» դաշինքից պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր համախոհների հետ Գյումրիի Վարդանանց հրապարակից քայլարշավ սկսեց Հայաստանի քաղաքներով եւ գյուղերով։ Երբ ապրիլի 11-ին պատգամավորներ Լենա Նազարյանը եւ Արարատ Միրզոյանն ի նշան քայլարշավի մասնակիցների հետ համերաշխության եւ ի նշան բողոքի ընդդեմ Սերժ Սարգսյանի՝ երկու նախագահական ժամկետից հետո վարչապետի պաշտոնում ընտրության՝ խորհրդարանի ամբիոնի մոտ ֆայերներ վառեցին՝ հայտարարելով, որ դրանով խորհրդանշում են ազատության ապագա հաղթանակը Հայաստանում, ներկաների մեծ մասը մեծ ուշադրություն չդարձրին դրան՝ համարելով դա ընդդիմադիրների հերթական էպատաժային բնույթի մի դրսեւորում։ Սակայն հետագա դեպքերը սրընթաց զարգացումներ ունեցան։ Ապրիլի 15-ից Երեւանի Ֆրանսիայի հրապարակը դարձավ մի քանի հարյուր ցուցարարների մշտական հավաքատեղի, իսկ հաջորդ օրվանից սկսվեցին համատարած քաղաքացիական անհնազանդության գործողություններ, որոնք մեկ շաբաթ անց հանգեցրին Սերժ Սարգսյանի հրաժարականին։ Մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը երկրորդ փորձից հետո նույն Ազգային ժողովի կողմից, համաձայն Սահմանադրության, ընտրվեց Հայաստանի վարչապետի պաշտոնում։

2. Արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Հեղափոխությունից հետո Հայաստանում նոր կառավարություն ձեւավորվեց, որն առաջին հերթին ԱԺ-ի հաստատմանը մեկամյա ծրագիր ներկայացրեց, ըստ որի՝ նախատեսվում էր արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել «մեկ տարվա ընթացքում»։ Այդ ձեւակերպման վրա բազմաթիվ «նիզակներ կոտրվեցին», քանզի յուրաքանչյուր քաղաքական ուժ հակված էր յուրովի ըմբռնել այն։ Նոր կառավարության ընդդիմախոսները անհաջող փորձ կատարեցին հնարավորինս դժվարացնելու, իսկ ըստ էության՝ անհնարին դարձնելու հին ԱԺ արձակման գործընթացը, որն առանց այն էլ դժվար էր գործող Սահմանադրությամբ։ Սակայն «շաբաթն ուրբաթից շուտ եկավ», եւ Նիկոլ Փաշինյանի ստիպված հրաժարականից հետո (ըստ էության, դա օրենսդրությամբ նախատեսված միակ հնարավորությունն էր) ԱԺ-ն իրավունքի ուժով ճանաչվեց արձակված, եւ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցան երկար սպասված արտահերթ ընտրությունները։ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը ստացավ ավելի քան 70 տոկոս ձայն։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կողմից կայացած ընտրություններն առաջին անգամ պատմության մեջ ճանաչվեցին որպես ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող։

3. Երեւանի ավագանիների խորհրդի արտահերթ ընտրություններ։

Հեղափոխական տրամադրությունները հասարակության մեջ եւ երկրում գործադիր իշխանության փոփոխությունը կանխորոշեցին անցյալ տարի վերընտրված Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Գործող ավագանիների խորհրդի մեծամասնությունը նոր թեկնածություն չառաջարկեց եւ, ինչպես եւ խորհրդարանը, իրավունքի ուժով արձակվեց, նշանակվեցին նոր՝ արտահերթ ընտրություններ։ Սեպտեմբերի 23-ին կայացած ընտրություններն առաջին մեծ ընտրական գործընթացն էր հեղափոխական Հայաստանում, որոնք անցան ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, եւ որի ընթացքում պարզ դարձավ, որ «նկարովի» ընտրություններն այլեւս անցյալում են։ «Իմ քայլը» դաշինքը ստացավ երեւանցիների ձայների ավելի քան 81 տոկոսը, եւ հայտնի դերասան Հայկ Մարությանն ընտրվեց Երեւանի քաղաքապետ։

4. Ֆրանկոֆոնիայի կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը Երեւանում։

Անկախ Հայաստանի պատմության մեջ սա ամենամեծ միջազգային իրադարձությունն էր։ Նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռ տարիներ առաջ։ Հոկտեմբերին Երեւան ժամանեցին մոտ 4000 հյուրեր 84 երկրների պատվիրակությունների կազմում, այդ թվում՝ մոտ 30 երկրների եւ կառավարությունների ղեկավարներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը եւ Կանադայի վարչապետ Թրյուդոն։ Գագաթնաժողովն անցավ բարձրագույն մակարդակով, եւ հեղափոխության թոհուբոհի պայմաններում Հայաստանն արժանապատվորեն ներկայացավ հյուրերին իր ջերմությամբ եւ հյուրընկալությամբ։

Հույս ունեմ, որ այս հեղափոխությունից հետո հայ ժողովրդի կյանքը ավելի կբարելավի և այլևս քաղաքականության զոհ չենք դառնա:

Իսկ 2020 թվականի այս իրադարձությունները մեծ ազդեցություն կունենան երկրի տնտեսության վրա: Հուսով եմ որ շուտով կազատվենք այս վիրուսից և նրանք ովքեր վարակված են շուտ կապաքինվեն:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s