Բանահայուսություն

Բանահյուսությունը դա այս կամ այն ժողովրդի կերտած բանավոր ստեղծագործությունների ամբողջությունն է։
Բանահյուսության մեջ ժողովուրդն արտացոլել է իր պատմության առավել կարևոր դեպքերը, իր դարավոր փորձն ու իմաստությունը, ձգտումներն ու իդեալները։ Ըստ էության, բանահյուսությունը (ֆոլկլորը) ժողովրդի կյանքի և աշխարհազգացողության հայելին է։ Ժողովրդական բանահյուսության երկերն ստեղծվել և դարերով պահպանվել են բանավոր, հաղորդվել սերնդից սերունդ։ Դրանք շատ հաճախ բանասացի կողմից կատարվել, նույնիսկ ստեղծվել են ուղղակի լսարանի առջև, երբեմն երգի և նվագի ուղեկցությամբ։ Բանահյուսական ստեղծագործությունները ժամանակի ընթացքում փոփոխվել, զարգացվել և հարստացվել են բազմաթիվ անանուն հեղինակների կողմից։ Այդ է պատճառը, որ բանահյուսական երկերը սովորաբար մի շարք տարբերակներ են ունենում։ Ժողովրդական բանահյուսության տեսակները բազմազան են՝ առակ, հեքիաթ, հանելուկ, ասացվածք, առասպել, ավանդավեպ, ասք, ավանդություն, վիպերգություն (էպոս), աշխատանքային, սիրո երգեր և այլն։ Այս ժանրերից յուրաքանչյուրն ունեցել է բովանդակության, կառուցվածքի, պատկերավորության կայուն յուրահատկություն։ Բացի այդ՝ յուրաքանչյուր ազգի բանահյուսության մեջ եղել են ուրույն ժանրային ձևեր, օրինակ՝ ռուսական բիլինան, չաստուշկան, ուկրաինական դուման և այլն։ Հայ հին բանահյուսության մեջ եղել են բազմազան տեսակներ՝ զրույց, առասպել, ավանդավեպ, վիպասանք և այլն։ Բանահյուսության շատ թեմաներ, սյուժեներ ու կերպարներ մշակվել և ընդհանրացվել են տարբեր գրողների կողմից։ Բավական է նշել միայն Հովհ. Թումանյանի և Ավ. Իսահակյանի բալլադները, հեքիաթներն ու պոեմները, որոնք ստեղծվել են ժողովրդական աղբյուրների հիման վրա։

Ժողովրդական բանահյուսություն

Ժողովրդական բանահյուսությունը ազգային հոգևոր արժեքի մի մասն է, որը, սերնդեսերունդ փոխանցվելով, բյուրեղացել, հասել է մինչև մեր օրերը` ձևավորելով ու ամբողջացնելով այն կրողների ազգային դիմագիծը և հարուստ նյութ հանդիսանալով ինչպես ժամանակակից գեղարվեստական գրականության, այնպես էլ պատմագրության և արվեստի մյուս ճյուղերի զարգացման համար:
Բանահյուսությունը գրավոր գրականությունից տարբերվում է չորս հիմնական տարրերով՝ բանավոր գոյությամբ (բանահյուսական ստեղծագործությունները ապրում են ժողովրդի հիշողության մեջ և փոխանցվում են բանավոր` բերնեբերան),հանրային՝ կոլեկտիվ բնույթով (բանահյուսական ստեղծագործության ձևավորմանն ու տարածմանը մասնակցում է ժողովուրդը), տարբերակների առկայությամբ (բանահյուսության ցանկացած տեսակ, ի տարբերություն հեղինակայինի, ունի բազում տարբերակներ. ինչքան` ասացող, այնքան` տարբերակ) միաձուլությամբ՝ սինկրետիզմով(բանահյուսական մի շարք տեսակներ իրենց մեջ ներառում են տարատեսակ սեռեր ու ժանրեր` համադրելով թե՛ թատերականը (դրամատիկական, ողբերգական, կատակերգական, դիմախաղ, մարմնի շարժումներ), թե՛ ազգագրական-ծիսականը (հարսանեկան, թաղման, ազգային տոների ու խաղերի դրսևորումներ), թե՛ երաժշտարվեստի ու պարարվեստի արտացոլանքները, և թե՛ բանարվեստի զանազան տեսակների կիրառությունները): Բանահյուսության ուսումնասիրությամբ զբաղվող գիտությունը՝ բանագիտությունը, իբրև առանձին գիտություն ձևավորվել է 19-րդ դ. սկզբներին, Գրիմմ եղբայրների, հատկապես՝ Յակոբ Գրիմմի կողմից: Եվրոպական առաջավոր երկրների բանագիտական մտքի ազդեցությամբ 19-րդ դ. կեսերին հայ մտավորականությունը ևս կարևորեց մեր ժողովրդի բանավոր ավանդության տարբեր ժանրերի գրառման, հրատարակման և ուսումնասիրման պատմամշակութաբանական անհրաժեշտությունը: Հայ ժողովրդական բանահյուսության հավաքման և հետազոտման գործընթացը սկզբնավորվեց Գ. Սրվանձտյանցի “Գրոց ու բրոց և Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ” (1874 թ.) աշխատանքով, որը առաջ բերեց բանահավաքչական մեծ շարժում: Հետագայում իրենց ավանդը ներդրեցին հայ մշակույթի մի շարք երախտավորներ (Մ, Աբեղյան, Գ. Շերմազանյան, Մ. Բարխուդարյան, Գ. Ղափանցյան, Ա. Ղանալանյան, Կ. Մելիք-Օհանջանյան, Ս. Հարությունյան և այլոք), ովքեր կարողացան կորստից փրկել հայ ժողովրդի բանավոր մշակույթի գանձերը և գիտական հիմքերի վրա դնել դրանց ուսումնասիրությունը: Այնուամենայնիվ, այսօր դեռևս կենցաղավարող բանահյուսության մի շարք տեսակների գոյությունը վտանգված է, ուստի, էլ ավելի է կարևորվում հոգևոր մշակութային արժեքների գրանցման` գույքագրման, հավաքման ու պահպանման աշխատանքները: Ոչ նյութական մշակութային ժառանգության դասակարգման, գրանցման ու պահպանման նպատակով ժողովրդական բանահյուսության տեսակները դասակարգելիս և նրանց համառոտ բնութագրերը կազմելիս հաշվի է առնվում հայ բանագիտության բնագավառում առկա սկզբունքները և գնահատականները:Հայ բանագիտության մեջ ժողովրդական բանահյուսությունը ընդունված է բաժանել երկու սեռի ` վիպական և քնարական: Թե՛ վիպական, թե՛ քնարական սեռերի որոշ տեսակներ նաև պարունակում են դրամատիկականի տարրեր:

Հայ բանահյուսություն

Հայ ժողովրդական բանահյուսությունն սկզբնավորվել է հայկական ցեղերի և հայոց լեզվի առաջացման հետ միաժամանակ։ Պատմականորեն նախորդել է հայ գրավոր դպրությանը․ դարեր շարունակ եղել ժողովրդի հոգևոր, գեղարվեստական պահանջների բավարարման հիմնական միջոցը․ հայ գրականության սկզբնավորման շրջանում (V դ․) դարձել է նրա կայուն հիմքերից ու բաղադրիչներից մեկը, ապա բանավոր ավանդությամբ շարունակել է զարգանալ իր ինքնուրույն ճանապարհով․ ուշ միջնադարում (XII—XVI դդ․) զորեղ կերպով ներազդել է հայ գեղարվեստի, գրականության վրա, առանձին ժանրերով (հանելուկ, առակ, երգ, զրույց) թափանցել նրա մեջ, երանգավորել գրականության ոգին ու արտահայտության միջոցները, հասել մինչև մեր օրերը։ XIX—XX դդ․ հայ գրողների հատուկ միտումով մշակվել է և օգտագործվել նոր գրականության մեջ։

Հին և միջնադարյան բանահյուսության նմուշները ավանդվել են գրավոր, հիմնականում հին և միջին գրական հայերենով, զգալիորեն ենթարկվել մատենագիրների գրական վերապատումներին ու մշակումներին։ Վիպական հին հուշարձանները (առասպելներ, վիպերգեր, վեպեր) պահպանվել են Մովսես Խորենացու, Փավստոս Բուգանդի, Ագաթանգեղոսի, Սեբեոսի, Հովհան Մամիկոնյանի երկերում, գրական մշակման ենթարկված հանելուկները՝ Անանիա Շիրակացու, Ներսես Շնորհալու երկերում և անանուն գրչագրերում, առակները՝ Վարդան Այգեկցուն վերագրված «Առակք Վարդանայ» ժողովածուներում, սիրո և ուրախության հայրենները՝ հիմնականում XV—XVII դդ․ ձեռագիր տաղարաններում, զրույցները, ծիսական ու քնարական այլ կարգի երգերը՝ տարբեր ժողովածուներում ու տաղարաններում, հմայական աղոթքներն ու բանաձևերը՝ ձեռագիր հմայիլներում և ախտարքային ժողովածուներում։ Նոր շրջանում պահպանված բանահյուսությունն ավանդվել է բանավոր՝ հայոց լեզվի տարբեր բարբառներով վիպող ու երգող, ժողովրդի տարբեր խավերի, տարբեր սեռի ու տարիքի բանասացների կողմից, որոնք էլ բանահյուսության կենդանի կրողներն են, իսկ բնագրերը՝ նրանցից գրառված բանահյուսական նյութերը։

 Խորհրդային տարիներին բանահյուսության ամենակենսունակ ժանրերն են դառնում ժողովրդական երգն ու զրույցը։ 1920—30-ական թթ․ բանահյուսության մեջ գերիշխող են վիպական ու քնարական երգերը։ Հայրենական մեծ պատերազմի և Արցայան պատերազմի տարիներին վերածնվում են ռազմի և զինվորի հին երգերը․ փոխակերպվում են՝ ձեռք բերելով ժամանակի իրադարձություններին համահնչուն նոր բովանդակություն, ներառելով նոր անուններ ու իրողություններ։

Ներկայումս` ժողովրդի հիշողությունից հետզհետե անհետացող ավանդական ժանրերի փոխարեն նոր բանահյուսություն է հանդես գալիս. նորացում են ապրում ժողովրդական զրույցների մի քանի տեսակներ՝ անեկդոտը, առակը, երգիծական տարբեր մանրապատումները՝ բարոյակենցաղային, սոցիալական, քաղաքական նոր բովանդակությամբ:

Բանագիտություն

Բանահյուսություն ուսումնասիրող գիտությունը՝ բանագիտությունը, իբրև առանձին գիտություն ձևավորվել է 19-րդ դ. սկզբներին: Նույն դարի կեսերին եվրոպական առաջավոր երկրների բանագիտական մտքի ազդեցությամբ հայ մտավորականությունը ևս կարևորեց հայ ժողովրդի բանավոր ավանդության տարբեր ժանրերի գրառման, հրատարակման և ուսումնասիրման պատմամշակութաբանական անհրաժեշտությունը: Այդ գործում իրենց մեծ ավանդն ունեցան հայ մշակույթի մի շարք երախտավորներ (Գ. Սրվանձտյանց, Մ, Աբեղյան, Գ. Շերմազանյան, Մ. Բարխուդարյան, Գ. Ղափանցյան, Ա. Ղանալանյան, Կ. Մելիք-Օհանջանյան, Ս. Հարությունյան և այլոք), ովքեր կարողացան կորստից փրկել հայ ժողովրդի բանավոր մշակույթի գանձերը և գիտական հիմքերի վրա դնել դրանց ուսումնասիրությունը: Հայ ժողովրդական բանահյուսության հավաքման և հետազոտման գործընթացը սկզբավորվում է Գ. Սրվանձտյանցով («Գրոց ու բրոց» և «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», 1874), ով առաջ բերեց բանահավաքչական մեծ շարժում:

Բանահյուսության ժանրային համակարգը ձևով բաժանվում է 3 խմբի.

  1. արձակ – պատումային (հեքիաթ, աոակ, ավանդություն, զրույց),
  2. չափածո-երգային (ժողովրդական վեպ, վիպական, ծիսական, քնարական երգեր),
  3. բանաձևային (առած, հանելուկ, երդում, անեծք, օրհ նանք, հմայական աղոթք)։

Հայկական բանահյուսության կառուցվածք

Բանահյուսության տեսակներ

Իր բնույթով ու կիրառությամբ այն բաժանվում է մի քանի խմբի․ ծիսահմայական, վիպական, քնարական բանահյուսություն, առածներ և ասացվածքներ, հանելուքներ, ինչպես նաև երկու հիմնական սեռերի կամ տիպերի՝ էպիկական և քնարական:

Հայ ծիսահմայական բանահյուսություն

Ծիսահմայական բանահյուսությունը հայ բանավոր ավանդության վաղնջական և կարևոր բաղադրիչներից է, ամփոփում է հետևյալ տեսակներն ու ենթատեսակները՝ անեծքներ, օրհնանք-մաղթանքներ, երդումներ, հմայական աղոթքներ, ծիսատոնական տարբեր բնույթի երգեր, խաղեր ու բանաձևեր: Խումբն ունի կիրառական որոշակի նպատակ և նշանակություն՝ առնչված ժողովրդի ապրած բնական միջավայրի, տնտեսական, սոցիալ – կենցաղային կյանքի, բարոյական ու կրոնապաշտամունքային ընկալումների տարբեր կողմերն ու երևույթները խորհրդանշող ծիսական ու հմայական արարողությունների հետ։

Հմայական համեմատաբար պարզ բանաձևերից են անեծքները, օրհնանք – մաղթանքներն ու երդումները, որոնք ունեն լայն կիրառություն։ Գործածվում են նաև ծիսահմայական արարողությունների ժամանակ (ծննդյան, մահվան, հարսանիքի, ժողովրդական տարբեր հանդիսությունների, սեղանի, ողջույնի, հրաժեշտի, շնորհավորանքի, բարեմաղթությունների): Հմայական բարդ բանաձևերից են կապքի (կախարդական արգելքի հմայության) աղոթքները, որոնք, վիպական-նկարագրական սկզբնամասից բացի, բաղադրվում են անեծքի, բարեմաղթության, երդման և սպառնալիքի բանաձևերից, ուղեկցվում են որոշակի արարողություններով, մեծ մասամբ ունեն պահպանական-ապահովական բնույթ, կիրառվում են չար ոգիներից հարուցվող զանազան ցավերից, հիվանդություններից (չար աչքի, գորտնուկի, մրջմուկի, ծննդկանին ու նորածնին սպառնացող թպղայի, ալքի), ունեցվածքն ու անասուններին փորձանքից (գայլ ու գազանից, չարիքից) զերծ պահելու, չար ոգիների կախարդանքով կալած-կապված երևույթները (երաշտ, անբերրիություն, անքնություն և առհասարակ ամեն մի չար հմայություն) վերացնելու նպատակով։

«Կապված երկինքը», գետի չորացած հունը կամ պապակված աղբյուրի ակը բացելու վիշապամարտի մոտիվը բնորոշ է ինչպես հայ ժողովրդական հեքիաթներին, այնպես էլ դյուցազնավեպին: Եղանակը «շրջելու» ծեսերի ժամանակ «դերակատարները» գլխավորապես այրի կանայք ու դեռատի աղջիկներ էին, տղամարդիկ հանդիսատեսի կարգավիճակում էին: Ծիսարարգը զուգորդվում էր Նուրինի, Գոդիի և Ճոլի կերպարների հետ:

Ծիսատոնական երգերը, խաղերն ու բանաձևերը կատարվում են ժողովրդական և կրոնական նշանավոր ծիսակատարությունների, ժողովրդական օրացուցային տոնախմբությունների ժամանակ (Քրիստոսի ծնունդ, Նոր տարի, Բարեկենդան, Տերընդեզ, Զատիկ, Համբարձում, Ծաղկազարդ, Վարդավառ, Աստվածածին և Սուրբ Խաչ)։ Սրանցից յուրաքանչյուրն ունեցել է իրեն հատուկ երգային, խաղային, բանաձևային ծիսական շարքերը, որոնցից քչերն են պահպանվել։

Ծիսաընտանեկան բանաձևերի ու երգերի տակ խմբվում են մարդու հիմնական կենսաշրջանները (ծնունդ, ամուսնություն, մահ և թաղում) սրբագործող ծիսական արարողություններին ուղեկցող երգերը, խաղերն ու մաղթանքի բանաձևերը։ Ծիսական յուրաքանչյուր շարք ունի իր պարտադիր ավանդ մաղթանքները։

Բանահյուսական նյութերի առատությամբ, կայունությամբ և ավանդականությամբ են հատկանշվում ամուսնության ու մահվան ծիսական արարողությունները։ Հարսանեկան ու սգո երգերն իրենց ժողովրդական բնույթով վկայված են հնից, հետագայում ենթարկված քրիստոնեական գաղափարներով վերաիմաստավորման։

Հայ քնարական բանահյուսություն 

հայ քնարական բանահյուսություն

Հայ քնարական բանահյուսությունը ժողովրդական բանահյուսության գոհարներից մեկն է: Այն մեծամասամբ արտահայտել է անհատի զգացումները, վիճակը․ անհատի և հանրության, իրադրության հետ կապի արտացոլումն էին: Քնարական բանահյուսությունը բանաստեղծական-տաղաչափական համակարգով բաժանվում է երկու հիմնատիպի՝ հայրենների և խաղիկների։

Հայրենները քնարական հնագույն երգատիպերից են՝ վկայված X դ․ իբրև ժողովրդական սգերգ (Գրիգոր Նարեկացի, «Մատեան ողբերգութեան», բան ԻԶ)։ «Հայերեն», «հայրէն», «հարեն» են կոչվել ազգային առանձնահատուկ տաղաչափության («հայրենի կարգաւ») համար։ Հայրենի չափով հորինվել են տարաբնույթ երգեր։ Ամենավաղ և ամենաշատ վկայվածն ու տարածվածը սիրո և ուրախության հայրեններն են, որոնք հորինվել են միջնադարյան քաղաքներում՝ գուսանների և վարձակների (կին գուսաններ) կողմից, կատարվել խնջույքների ժամանակ՝ թմբուկի, սրինգի, քնարի, փողի նվագակցությամբ։ XIII դ-ից սկսած հայրենները գրառվել ու մտել են միջնադարյան ձեռագիր տաղարանները՝ շարունակելով մնալ նաև ժողովրդական բանավոր երգարվեստում։ XIX—XX դդ․ բանահավաքները գրառել են «հարեն», «հերեն», ավելի հաճախ «անտունի» անվանումներով։

Խաղիկները, որոնց գրավոր անդրանիկ նմուշները հանդիպում են XVIII դ․ ձեռագրերում, հայ ժողովդրական նոր քնարերգության և առհասարակ` ժողովրդական երգարվեստի հիմնատիպն են, նոր ժամանակների վիպական, զինվորի, աշխատանքային, որոշ կարգի ծիսական (համբարձման վիճակահանության) երգերի, պարերգային ամբողջ բանահյուսության հիմքն ու տարերքը։ Դրանք իբրև առանձին երգատեսակ հիմնականում սիրերգեր են՝ հորինված գեղջուկ պատանիների ու աղջիկների կողմից․ արտահայտում են նրանց սիրային պարզ զգացումները, զեղումները, ապրումները։

Քնարական բանահյուսությունը իր բնույթով, կիրառությամբ ու թեմատիկայով բաժանվում է մի քանի տեսակի` գեղջկական, պանդխտության, զինվորական, օրորոցային և մանկական երգերի:

Գեղջկական աշխատանքային երգերը վիպաքնարական բնույթի ստեղծագործություններ են, ուղեկցել են դաշտային և առտնին աշխատանքային տարբեր պրոցեսների։ Հատկանշվում են գործիքների, բանող անասունների գովքով, աշխատավոր գյուղացու երազանքների իրագործման ձգտումով, սոցիալ-դասակարգային բնույթի բողոքներով։

Պանդխտության կամ ղարիբի երգերն առնչվում են միջնադարից սկսած հայ ազգային – սոցիալական կյանքին բնորոշ երևույթներից մեկի՝ պանդխտության հետ։ Այդ երգերին բնորոշ են օտարություն մեկնողի և նրա հարազատների հրաժեշտի, պանդուխտի կարոտի, տառապանքի, հիվանդության, մահվան, հայրենիքում հարազատների սպասումների, ինչպես նաև պանդուխտի վերադարձի ու դրա հետ կապված ուրախ ապրումների մոտիվները։

Զինվորի երգերը հայ քնարական բանահյուսության համեմատաբար նոր տեսակներից են, կապված XIX դ․ վերջերին և XX դ․ սկզբներին հայերին ցարական և թուրքական բանակ պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու իրողության հետ։ Հորինված են ավանդական երգերի (պանդխտության, հարսանեկան, հրաժեշտի, ողբի) ոճական ազդեցությամբ, ունեն երգային կայուն բանաձևեր ու կրկնակներ («Սալդաթ եմ, կերթամ», «Ասքյար եմ, կերթամ», «Վագոն, մի ժաժա»), համախմբված են որոշակի մոտիվների՝ զորակոչի վիճակահանության («Կանցիլարի դուռը», «Մտա եկեղեցին»), հրաժեշտի և ուղևորման («Գնալով գնացի, գյուղից հեռացա», «Մայրիկ ջան, քույրիկ ջան»), զորանոցային կյանքի անցուդարձերի, ռազմաճակատում զինվորի ապրումների, վիրավորվելու, գերվելու շուրջը («Հասան- ղալա», «Կերչի հողը», «Սև ծովի ափին, մայրիկ ջան», վերջին երկուսը՝ Հայրենական մեծ պատերազմի երգաշարից)։

Օրորոցային և մանկական երգերն ունեն համապատասխան կրկնակներ, հորինված են թե՛ հայրենի, թե՛ բանահյուսական այլ չափերով։ Ըստ կիրառության ու բնույթի բաժանվում են մի քանի ենթատեսակի՝ օրորոցային կամ օրորի (հորինել և կատարել են կանայք), մանկախաղաց՝ մանուկներին խաղացնող երգեր (դանդանաներ, դարձյալ մեծ մասամբ կանանց կողմից կատարվող), մանկան լոգանքի ու քայլքի և զուտ մանկական երգեր՝ մանուկների համար և մանուկների կողմից կատարվող։ Մանկական քնարական երգերը հագեցած են վիպական և դրամատիկ տարրերով, նվիրված են բնության երևույթներին, երկնային լուսատուներին, թռչուններին, կենդանիներին և արտահայտված են մանկական լեզվով ու հոգեբանությամբ։

Հայ ժողովրդական վեպեր. Ազգային էպոս

Ազգային էպոս ՝ էպիկական բովանդակությամբ էպիկական ժանրի բանաստեղծության կամ գրականության գործը ավանդաբար ներկայացնում կամ արտացոլում է որևէ ազգի մշակութային կամ ինքնաճանաչողական ոգին, դա կարող է վերաբերել նաև ինքնուրույնության կամ անկախության ձգտող որևէ էթնիկական կամ լեզվաբանական խմբի։ Ազգային էպոսների մեջ հաճախ նկարագրվում է տվյալ ազգային էթնոսի ծագման և զարգացման պատմությունը կամ պատմության մի մասը կամ տվյալ ազգության ինքնորոշման կամ ինքնագիտակցման պատմության կարևորագույն դրվագները և այլ ազգային խորհրդանշանների ծագման կամ ընդունման պատմությունը։

Հին հայկական վեպեր

Հայ վիպական ավանդությունը հատկանշվում է ժողովրդական չորս վեպերի /էպոս/ առկայությամբ, որոնցից հնագույնը «Վիպասանքն» է: Այն առասպելաբանական վեպ է՝ բաղկացած տարբեր վիպական երգերից ու պատումներից, հյուսված Մեծն Տիգրանի, Սանատրուկի, Երվանդի, Արտաշեսի, Սաթենիկի, Արտավազդի անունների և արարքների շուրջը։ Բաղկացած է երկու վիպական հիմնական միավորից՝ Տիգրանի և Արտաշեսի վեպերից, որոնց կապակցող հիմքը առասպելաբանական է։ Հին առասպելականը կամ փոխակերպվել է պատմականի, կամ էլ նույնությամբ պահպանվել ու հարակցվել պատմական դեմքերին ու դեպքերին (Երվանդի և Երվազի գերբնական ծնունդը, մանուկ Արտավազդի հափշտակումը վիշապազունների կողմից, Արտավազդի փակվելը Ավագ Մասիսում)։

«Պարսից պատերազմ» հերոսավեպն է՝ հորինված մ․թ․ Ill—IV դդ․ Հայաստանի ներքին և արտաքին կյանքի պատմական իրադարձությունների հիմքի վրա։ Հիմնական բովանդակությունը Հայաստանի և Սասանյան Պարսկաստանի միջև մղված դարավոր կռիվներն են, ինչպես նաև հայ Արշակունի արքայատոհմի և նախարարական տների միջև ծագած հակասություններն ու դրամատիկ իրադարձությունները։ Վեպում հանդես եկող հայ և պարսիկ թագավորները, սպարապետներն ու իշխանները իրական պատմական նախատիպերի վրա ձևավորված, վիպական, գեղարվեստական կերպարներ են, վիպասանների ու գուսանների կողմից ենթարկված գաղափարականացման, հերոսացման (Վասակ, Մուշեղ, Մանվել Մամիկոնյաններ) ։

«Տարոնի պատերազմ» վեպը որոշ խմբագրումներով ու վերամշակումով պահպանվել է Սեբեոսի և Հովհան Մամիկոնյանի պատմագրական երկերում։ Բաղկացած է ժողովրդական բազմաթիվ զրույցներից, ավանդություններից, մասամբ և վիպական երգերից, հյուսված է Մամիկոնյան իշխաններ Մուշեղի, Դայլ Վահանի, Սմբատի, Վահան Կամսարականի և Տիրանի անունների շուրջը, հոր և որդու հաջորդությամբ։ Վիպական այդ կերպարներում և նրանց արարքներում տեսանելի են V դ․ պատմական նշանավոր գործիչներ Վարդան և Վահան Մամիկոնյանները, պարսիկների դեմ նրանց մղած ապստամբական կռիվների արձագանքները։ Վիպական բաղադրությամբ և հիմնական բովանդակությամբ առնչվում է «Պարսից պատերազմին»։

«Սասնա ծռեր» ազգային էպոսը

«Սասնա ծռեր» հերոսավեպը /էպոս/ դարերի ըթնացքում պահպանվել է բանավոր ավանդությամբ և գրառվել XIX դ․ վերջին քառորդից տարբեր բանահավաքների կողմից՝ 160-ի հասնող տարբերակներով։ Բաղկացած է վիպական չորս հիմնական սերնդի մասին պատմող ճյուղերից, հերոսների ժառանգական հաջորդությամբ՝ պապից ծոռ (Սանասար և Բաղդասար, Մեծ Մհեր, Դավիթ, Փոքր Մհեր) ։ Սկսվում է այդ տոհմի ծագումից ու Սասնա տան հիմնադրումից և ավարտվում տոհմի վերջին ներկայացուցիչ՝ անմահ ու անժառանգ Փոքր Մհերի ժայռում փակվելով։ Բաղկացած է վիպական տարբեր շարքերից, բայց և նույն թեմաներից ու համանման սյուժեներից, դրանց մեջ միավորված բազմաթիվ ու բազմազան մոտիվներից։

Առաջնային ու միավորիչ թեման, որ առկա է բոլոր ճյուղերում՝ օտար և հայրենի երկրների հակադրությունն է։ Հաջորդ թեման՝ հերոսական ամուսնությունն է։ Այս թեմաների վիպականացման մեջ մեծ տեղ է գրավում մարտերի նկարագրությունը՝ միշտ յուրային հերոսի հաղթանակով ավարտվող։ Վերոհիշյալ թեմաներին են հարում հերոսների շինարարության և տոհմային զորեղ ժառանգ ունենալու ենթաթեմաները։

Հնագույնն ու ելակետայինը հրաշածնունդ երկվորյակներ Սանասարի ու Բաղդասարի առասպելն է՝ հարակցված ու մշակված մ․ թ․ ա․ VII դ-ից սերող Ասորեստանի Սինախերիբ (Սենեքերիմ) թագավորի հայրասպան որդիների փախուստի և Արարատյան երկիրը ապաստանելու պատմական ավանդության հետ։ Այն, տեղայնանալով, երկրորդ անգամ է պատմականացել՝ ենթարկվելով միջնադարյան Բաղդադի արաբական խալիֆայության, մասամբ և Մսրա (Եգիպտոսի) Էյուբյան մելիքների տիրապետության ժամանակների (VII — XIII դդ․) իրադարձությունների ազդեցությանը։

Մեծ Մհերի, Դավթի և Փոքր Մհերի վիպական ճյուղերի նախահիմքում ընկած են խեթախուռիական ակունքներից սերող հնդեվրոպական ամպրոպային աստծո և հին հայոց երկնային լույսի ու արեգակնային աստված Միհրի առասպելները՝ հարակցված առաջին ճյուղի երկվորյակ եղբայրների վաղնջական առասպելին, վաղ միջնադարի և հատկապես VIII — XIII դդ․ պատմական կոնկրետ անցուդարձերի՝ արաբական տարբեր բռնապետությունների դեմ ուղղված ժողովրդական ապստամբությունների (749 և 851թթ), ըմբոստ ելույթների ազդեցությամբ խիստ փոխակերպված։

Որոշակի պատմաշրջանի հավաստի դրոշմ կրելով հանդերձ՝ «Սասնա ծռերը» ներառել և իր մեջ գեղարվեստորեն համաձուլել է հայ ժողովրդի տարբեր դարաշրջանների նյութական ու հոգևոր կյանքի տարբեր իրողությունները, ժողովրդի աշխատավոր խավերի իղձերն ու ակնկալիքները։

«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոս համարվում է ազգային ֆոլկլորը ներկայացնող ամենակարևոր աշխատություններից մեկը, որը յուրահատուկ հանրագիտարան-պահոց է հայ ժողովրդի, նրա կրոնի, փիլիսոփայության, ավանդույթների մասին: 2012 թվականի դեկտեմբերին էպոսն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության Ներկայացուցչական ցանկում:

Չափածո վիպասանություն

Վիպական բանահյուսության չափածո երգային ստեղծագործություններն են վիպական երգերը, որոնք հորինված են առասպելական, կրոնական և պատմական անձանց ու իրադարձությունների շուրջ։

Հնագույնը առասպելաբանական վիպերգերն են՝ նվիրված աստվածների, դյուցազունների ծննդի ու արարքների նկարագրությանը, հիմնված առասպելական հավատալիքների ու պատկերացումների վրա («Վահագնի երգը») ։ Համեմատաբար ուշ շրջանի արգասիք են կրոնական վիպերգերը («Նարեկացի», «Կարոս խաչ») ։ Դրանց մի մասը (ծննդյան ավետիսներ) ունի ծիսական բնույթ, կատարվում է Քրիստոսի ծննդյան կամ Նոր տարվա տոնական արարողություններին։ Ամենատարածվածը պատմական վիպերգերն են․ հորինված են իրական դեպքերի և պատմական անձանց անունների շուրջը, ունեն հակիրճ սյուժե։ Մեզ ամբողջությամբ հասած ամենավաղ պատմական վիպերգը «Լևոնի երգն է»՝ հորինված XIII դ․ Կիլիկիայի Հեթում Ա թագավորի որդու գերման առիթով։

Դասական պատմական վիպերգի նմուշ է «Մոկաց Միրզան»։ Համեմատաբար շատ են պահպանվել XIX— XX դդ․ ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմների հայազգի հերոսների (Ռոստոմ Բեկ, Լոռիս-Մելիքով, Տեր-Ղուկասով, Հասանղալայի ճակատամարտ) և հայ ազատագրական կռիվների հերոսների (Աղբյուր Սերոբ, Գևորգ Չաուշ, Անդրանիկ ևն) վերաբերյալ երգերը՝ պատմահերոսական և պատմաողբերգական բովանդակությամբ։ Կան նաև բազմաթիվ տեղային պատմակենցաղային վիպերգեր («Դուլաբեցի Արշակի երգը») ։ Այս հիմնական խմբերից բացի, կան նաև ընդհանուր բնույթի ծավալուն վիպերգեր, որոնց մեջ հարակցվել ու միաձուլվել են կրոնա-առասպելաբանական, պատմական ու կենցաղային մոտիվներ, սյուժեներ, կերպարներ («Ասլան աղա», «Մեռավ էն, ինչ շատ մալ ուներ»):

Հայ հին առասպելներ ու ավանդություններ

Հայ հին առասպելները գրավոր են ավանդվել՝ պատմական զրույցների, ավանդությունների և վիպական երգերի տեսքով։ Պահպանվել են նաև հին ու նոր ժողովրդական վեպերի, հեքիաթների, ավանդությունների, հանելուկների և երգերի մեջ։ Հնագույներն են Հայկի, Արամի, Արա Գեղեցիկի, Անգեղյա Տորքի, Արտավազդի, Վահագնի, Տիգրանի և Աժդահակի, Երվանդի և Երվազի, վիշապների և վիշապազունների մասին վիպվող զրույցներն ու երգերը, որոնց մեջ հին առասպելական կերպարները վիպականացվել են, պատմականացվել, դարձել հայ ցեղի նախնիներ, արքաներ, արքայազուններ կամ նրանց օտար հակառակորդներ։

Հայկական հին առասպելները կառուցված են դասական առասպելաբանությանը յուրահատուկ երկհակադրության սկզբունքով, հակոտնյա կերպարների հակադրության և պայքարի վրա․ դրական կամ բարի սկզբունքը մարմնավորում են յուրային հերոսները, բացասականը՝ օտար ու չար հակառակորդները։ Այդ հակադրությունն ու պայքարը ավարտվում է մեծ մասամբ յուրայինի, բարու հաղթանակով և օտարի, չարի պարտությամբ։

Հայկական ցեղի առասպելական նախնու՝ Հայկի վիպական պատմության ընդերքում ընկած է խավարն ու տիեզերական խառնաշփոթությունը խորհրդանշող՝ բռնակալ Բելի դեմ աստեղային հերոս, առասպելական որսորդ, աղեղնավոր Հայկի մղած պայքարի առասպել ։ Հայկը դարձել է հայկական ցեղի, երկրի հիմնադիր, անվանատու նախնի, իսկ նրա հակառակորդ Բելը՝ հայրենի երկիրը խուժած բաբելոնացի բռնակալ։ Հայկը կռվով ելնում է Բելի դեմ, սպանում նրան, ապահովում իր ցեղի ու երկրի գոյատևումը։ Հայկը Օրիոն համաստեղության հայկական անվանումն է, Բելը՝ արևմտյան սեմական ցեղերի գերագույն աստծու։
Հայկական ցեղի երկրորդ անվանատու նախնին է Հայկի տոհմից սերված առասպելական Արամը (թերևս ծագած նախահայկական արիմ ցեղանունից) ։

Մեռնող-հառնող երիտասարդ աստծու առասպելն է մարմնավորում Արա Գեղեցիկի և Շամիրամի պատմականացած զրույցը։

Վիշապների դեմ մղված ամպրոպային աստծու տիեզերական կռվի վաղնջական առասպելն իր տարբեր արտահայտություններն է գտել հայ հնագույն «Վիպասանք» կամ հատկապես՝ Տիգրանի և Աժդահակի, վիշապաքաղ Վահագնի, Արտավազդի և վիշապազունների մասին երգվող ու վիպվող դրվագներում։ Հայոց ամպրոպային աստված Վահագնը ծնվում է Երկնքի ու Երկրի և ծիրանի ծովի երկունքից, ծովում բոցավառվող եղեգնի փողից։ Ծնվելուն պես նա շտապում է տիեզերակործան վիշապների դեմ կռվելու։

Առասպելները

Տիգրանի և Աժդահակի վիպական դրվագներում ամպրոպային աստվածը պատմականացել է, դարձել հայոց Տիգրան թագավոր, իսկ նրա հակառակորդ վիշապը՝ թշնամի Մարաստանի Աժդահակ (վիշապ) թագավոր։

Վահագնը ևս պատմականանալով՝ դարձել է Տիգրանի երրորդ զավակը, իսկ մեկ այլ առասպելում՝ հայոց ազգի նախնի, որ գողանում է ասորեստանցիների նախնի Բարշամի հարդը՝ դրա հետքը ընդմիշտ դաջված թողնելով երկնքում (այստեղից էլ՝ «հարդագողի ճանապարհ»)։(Տես նաև՝ Երվանդունիների թագավորությունները Հայաստանում)

Ժայռում կամ ջրերում արգելափակված հերոսի առասպելաբանական սյուժեի տարբեր դրսևորումներն են Մասիսի վիհում Արտաշեսի որդի Արտավազդի կամ վերջինիս որդի Շիդարի, Դավթի որդի Փոքր Մհերի («Սասնա ծռեր» վեպում), ջրերի խորքում Երվանդի՝ վիշապներից կամ քաջքերից բանտարկվելու վիպական զրույցները։ Սրբազան երկվորյակների վաղնջական պաշտամունքի և առասպելի տարբեր արտահայտություններ են Երվանդի և Երվազի, Սարասարի և Ադրամելիքի («Սասնա ծռերում»՝ Սանասարի և Բաղդասարի), Մամիկի ու Կռնակի, Դեմետրի և Գիսանեի պամականացած ու վիպականացած զրույցները։

Մի շարք առասպելները պահպանվել են նաև բանավոր ավանդությամբ։ «Սասնա ծռեր» վեպում պահպանվել են հայոց երկնային լույսի և արեգակի աստված Միհրի անունը (Մեծ և Փոքր Մհեր) և առասպելաբանական մոտիվները (Մեծ Մհերի առյուծ սպանելը, Փոքր Մհերի ժայռում փակվելը, առանձին տոների՝ նրա ժայռից դուրս գալը) ։

Ավանդական զրույցները

Բազմաթիվ ավանդական զրույցներ կան Արևի և Լուսնի, Արևամանկան և Արևամոր, համաստեղությունների (Մեծ արջ, Ծիր Կաթին), ջրի և հրի, թռչունների (արագիլ, ագռավ, կռունկ, աղավնի, ծիծեռնակ), կենդանիների, բույսերի ծագման, անձնավորման, անունների ստուգաբանության վերաբերյալ։

Առասպելների հետ են զուգորդվում ավանդությունները` կարճ, արձակ, տեղեկատու բնույթի զրույցներն ու հուշապատումները՝ տեղային նշանակություն ունեցող դեպքերի ու դեմքերի, բնական ու մշակութային առարկաների, երևույթների մասին, իրական կամ հրաշապատում բովանդակությամբ։ Մեծամասամբ լինում են իրերի ու երևույթների ծագումը պատճառաբանող, անունները ստուգաբանող կամ պատմական անձանց որևէ արարք վիպող։ Ավանդություններին են հարում նաև սնահավատական զրույցները (կոչվել են նաև «բան», «բանս»), ժողովրդական հավատալիքների հիման վրա ձևավորված մանրապատում-հուշապատումները (գերբնական էակների, ոգիների մասին) ընկալվում են իբրև եղելություններ՝ կատարված հաճախ զրույցը պատմող ականատեսի հետ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s