
Ալիս Էն Լայդլոն ծնվել է հուլիսի 10, 1931թ.-ին, Օնտարիոյի Ուինգեմ շրջանում: Կանադացի ժամանակակից գրողը հատկապես հայտնի է իր կարճ պատմվածքներով, որոնց համար 2013 թ. արժանացել է Նոբելյան գրական մրցանակի:
Մանրոն սկսել է գրել դեռահասության տարիներին, իսկ արդեն 1949 թ. ընդունվել է Վեսթերն Օնտարիո hամալսարանի անգլերենի և լրագրության բաժինը։ Առաջին անգամ 1950 թ., տպագրվել է նրա «Ստվերի չափումները» պատմվածքը։ 1951 թ. Մանրոն ընդհատել է ուսումը համակուրսեցու Ջեյմս Մանրոյի հետ ամուսնանալու համար։
Այդ տարիներին Ալիս Մանրոն աշխատում էր որպես մատուցող, գրադարանավար, պլանտացիայում ծխախոտ հավաքող։
Մանրոյի բարձր գնահատականի արժանացած առաջին պատմվածքների ժողովածուն «Ուրախ ստվերների պարը» (1968 թ.), արժանացել է այդ ժամանակ Կանադայում ամենաբարձր համարվող Գլխավոր կառավարչի մրցանակին։ Դրան հաջորդել են պատմվածքների ևս երկու ժողովածուներ. 1971 թ.«Աղջիկների և կանանց կյանքը», 1978 թ. «Ո՞վ ես դու»։ Վերջինս տպագրվել է նաև «Մուրացիկ սպասուհին. պատմություններ Ֆլոյի և Ռոուզի մասին Միացյալ Նահանգներում» վերնագրով և Մանրոյին բերել երկրորդ Գլխավոր կառավարչի մրցանակը։ 1979-1982 թթ. Մանրոն շրջագայել է Ավստրալիայում, Չինաստանում և Սկանդինավիայում, մասնակցել է բաց հանդիպումների ու ընթերցումների։ 1980 թ. Մանրոն Բրիթիշ Քոլումբիա և Քուինսլենդ համալսարանների կողմից կրթաթոշակներ է ստացել, որոնց շնորհիվ կարողացել է բնակվել և ստեղծագործել այս երկու համալսարանների տարածքում։ 2006 թ. Մանրոյի «Սարից գալիս է արջը» պատմվածքի հիման վրա նկարահանվել է «Նրանից հեռու» ֆիլմը, որի ռեժիսորն է Սարա Փոլլին, իսկ գլխավոր դերերում են Ջուլի Քրիսթին և Գորդոն Փինսենթը։
Սկսած 1980 թ.Մանրոն յուրաքանչյուր չորս տարին մեկ տպագրում է կարճ պատմվածքների ժողովածու. վերջինները լույս են տեսել 2001, 2004, 2006, 2009 և 2012 թթ.: Ալիս Մանրոյի պատմվածքները հայտնվել են նաև այնպիսի թերթերում և հանդեսներում, ինչպիսիք են “The New Yorker”, “The Atlantic Monthly”, “Grand Street”, “Harper’s Magazine”, “Mademoiselle” և “The Paris Review”: Նրա աշխատանքները թարգմանվել են տասներեք լեզվով, այդ թվում` հայերեն։
2013 թ. հոկտեմբերի 10–ին Ալիս Մանրոն ստացավ Նոբելյան գրական մրցանակ` արժանանալով «ժամանակակից կարճ պատմվածքների վարպետ» բնութագրմանը։ Նա առաջին կանադացին է և 13–րդ կինը, որ արժանանում է այս պատվին։ Ցավոք սրտի, առողջական խնդիրների պատճառով Մանրոն չկարողացավ ներկա լինել Ստոկհոլմում անցկացվող մրցանակների շնորհման արարողությանը և անձամբ ստանալ իր մրցանակը։
Մանրոն երկար տարիներ համագործակցում է իր խմբագիր և հրատարակիչ Դագլըս Գիբսոնի հետ։ Երբ Գիբսոնը հեռացավ «Macmillan of Canada»-ից իր սեփական «Gibson Books» հրատարակչությունը հիմնադրելու նպատակով, Մանրոն Մըքմիլանին վերադարձրեց «Կյանքի առաջընթաց»-ի համար ստացած կանխավճարը և հետևեց Գիբսոնին։ Այսպիսով Մանրոն և Գիբսոնը պահպանեցին իրենց մասնագիտական համագործակցությունը։ Մանրոն գրել է 2011 թ. հրատարակված Գիբսոնի հուշագրության նախաբանը։ Երբ Մանրոն առողջական պատճառներով չի կարողանում ներկա լինել հասարակական հանդիպումներին, նրա փոխարեն ներկայանում է Գիբսոնը:
Ավելին այստեղ՝ Ալիս Մանրո