Հետաքրքիր դեպքեր Չարենցի կյանքից

1. Հրատարակչության բաժնի վարիչ Եղիշե Չարենցի աշխատասենյակ է մտնում մի գրող, թղթապանակը ձեռքին և կատակել ցանկանալով ասում է.
– Մի՛ վախեցեք, մեջը ձեռագրեր չկան:
– Բա ինչո՞ւ ես պտտեցնում այդ դատարկ թղթապանակը,-հարցնում է Չարենցը:
– Պտտեցնում եմ, որովհետև մեջը լիքը հանճարեղ մտքեր կան,- շարունակում է կատակել գրողը:
– Հանճարեղ մտքերը հանճարեղ գլուխներում են լինում,ոչ թե դատարկ թղթապանակներում,- պատասխանում է բանաստեղծը:

2. Չարենցը շատ խիստ էր կենցաղում,- պատմում է գրող Խաժակ Գյուլնազարյանը,- հրաման էր տվել, որ ճանճերը սենյակ չմտնեն, բայց ճանճերը կարդալ չգիտեին ու պատուհանից էին մտնում:

3. Պատմում է Ավ.Իսահակյանը, թե ինչպես է առաջին անգամ հանդիպել Չարենցի հետ.

Չարենցին ծանոթացա, երբ նա 1925 թվականին իր արտասահմանյան ուղևորությունների ժամանակ Վենետիկ էր եկել, իսկ հանդիպել եմ նրան առաջին անգամ 1907 կամ 1908 թվերին Ղարսում: Իջել էի հյուրանոցներից մեկում, որի առաջին հարկում մի պարսկահայ՝ Աբգար անունով, գորգի խանութ ուներ, (ի դեպ, դա Չարենցի հայրն էր): Մի օր կանգնել էի գորգավաճառի խանութի դռան առաջ, մեկ էլ դեմս ելավ մի վտիտ, կարճահասակ պատանի՝ սուր ու ծուռ քթով: Ոտքերը չռած՝ կանգնեց դիմացս և ճնշող հայացքով, առանց աչք թարթելու՝ սկսեց նայել ինձ, ձեռքին էլ մի գիրք կար՝ փոքր ֆորմատով: Մի երկու անգամ շուռումուռ եկա՝ ազատվելու համար այդ պատանու խուզարկու հայացքից, բայց տեսա, որ հնար չկա, նա աչքերը չի կտրում երեսիցս, մոտեցա և մի ապտակ տվի: Տղան այլևս չմնաց, թողեց ու հեռացավ: Անցավ ժամանակ: Արտասահմանում գտնվածս միջոցին՝ մի օր, Վենետիկից ոչ հեռու գտնվող Պադուա կոչված վայրն էի գնացել, այդտեղ մի հայ բժիշկ պետք է վիրահատեր որդուս նշագեղձերը: Նույն օրը՝ ուշ երեկոյան, Վենետիկ վերադարձա, հյուրասենյակումս հանդիպեցի մի երիտասարդի՝ բավական ազատ ձևով բազկաթոռին նստած, ոտքը ոտքին դրած, ծխախոտը բերանին՝ ինձ սպասելիս: Առաջին տպավորությունս վանիչ էր: Ինձ տեսնելուն պես երիտասարդը տեղից վեր ցատկեց և «Չարենցն եմ» ասելով՝ ներկայացավ ինձ:

Եղիշեի պոեզիային լավ ծանոթ էի, ուստի անունն իմանալով՝ վրա պրծա և ճակատը համբուրեցի: Չարենցը ինձ հիշեցրեց 1908 թվականին իրեն հասցրածս ապտակի մասին և ավելացրեց, որ այն ժամանակ ձեռքում եղած գիրքը «Երգեր ու վերքերն» է եղել, որը կարդացած լինելով՝ ուզեցել է տեսնել ինձ: Ասաց նաև, որ կարծելով, թե բանաստեղծը արտասովոր մարդ պետք է լինի, ակնապիշ նայել է ինձ: «Բանաստեղծին սրբացած մարդ կարծելու պահին, երբ ապտակդ կերա, – ավելացրեց Չարենցը, – ամեն ինչ իրար խառնվեց, թողի ու հեռացա»: Արարքս այլ կերպ բացատրել չկարողանալով՝ ժպտացի և ասի.

– Եղի´շ ջան, ընդունի՛ր այդ ապտակս որպես «ուստա սիլլասի»:

4. Մի անգամ Չարենցը համալսարանում ուսանողներին պատմում էր իր տպավորությունները Եվրոպա կատարած ճանապարհորդություններից: Ուսանողները բազմաթիվ ու բազմատեսակ հարցեր էին տալիս պոետին, և նա պատասխանում էր ոգևորված ու մանրամասն: Դահլիճի վերջում նստած էր մի նիհար, հիվանդ տղա: Գունատ էր տղան, արտահայտիչ, մեծ-մեծ աչքեր ուներ, հուզված դեմք ու բարձրահասակ էր: Տղան կանգնեց ու դիմեց Չարենցին.

– Ասացե՛ք, խնդրե՛մ, պոե՛տ, ո՞ր փողոցն էր ամենալավը Ձեր տեսած փողոցներից ու ո՞ր քաղաքում էր այն:
Չարենցն ուշի-ուշով նայեց պատանու աչքերին, մի պահ լռեց ու կարծես ծածուկ, կարծես շշուկով ասաց.
– Ամենալավ փողոցը Երևանի Նայիբի քուչան է…
Դահլիճը լցվեց շշուկով. բանաստեղծն անհավատալի բան ասաց: Նայիբի քուչան մի նեղ փողոց էր՝ ծուռումուռ, անլույս, անգույն, ամայի ու անմարդաբնակ:
– Որովհետև այնտեղ է ապրում իմ սիրելի կինը,- շարունակեց Չարենցը:
Դահլիճը թնդաց ծափերից…

5. Չարենցի անվան առաջացման վարկածները.

1. Չարենցի պատանեկան տարիների մտերիմերը Չարենց անվանումը բացատրում են, նրանով, որ նա փոքր ժամանակ շատ աշխույժ և չար երեխա է եղել: Տանը նրան այնքան են չար անվանել, որ անունը Չարենց էլ մնացել է:
2. Ըստ մեկ ուրիշ աղբյուրի՝ մտորելով իր համար գրական կեղծանուն ստեղծելու մասին, հնչյունային և տեղաշարժային փոփոխությունների է ենթարկել ռուս գրող Պուշկինի ՙՙԱնչար՚՚ստեղծագործությունը, արդյունքում ստացվել է ՝ Չարենց:
3. Իսկ իր անվան մասին խոսելիս, Չարենցն ասել է, որ իրենց քաղաքում այդ թվականներին մի բժիշկ կար, ում տան ցուցափեղկի վրա գրված էր՝ Բժիշկ Չարենց: Շատ յուրօրինակ համարելով այս ունունը, այն ժամանակ դեռ Եղիշե Սողոմոնյանը իրեն կոչում է Չարենց, Եղիշե Չարենց: Իհարկե՝ Չարենց անվան մասին ամենահավաստի աղբյուրը, համարվում է հենց բանաստեղծի պատմածը, ինչպես նշվեց վերը:

Ավելի ուշ Չարենց անվան մասին բանաստեղծը տվել է այսպիսի բացատրություն. ՝ՙԵս իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անունն եմ տվել՚՚:
Աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, իսկ պոետը որոշել էր հակառակն անել, և արեց:
1921 ից հետո արդեն Չարենցը դարձել է Եղիշեի պաշտոնական ազգանունը:

One Reply to “Հետաքրքիր դեպքեր Չարենցի կյանքից”

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: