
Հերտա Մյուլլերը ծնվել է 1953 թվականի օգոստոսի 17-ին Ռումինիայի գերմանալեզու փոքրամասնության ներկայացուցիչների ընտանիքում։
Հերտան ավարտել է Տիմիշոարայի համալսարանը, որտեղ ուսումնասիրել է ռումինական ու գերմանական գրականություն։ 1976 թվականից որպես թարգմանիչ աշխատել է գործարանում։ 1979 թվականին զրկվել է աշխատանքից, որովհետև հրաժարվել էր համագործակցել Սեկուրիտետեի գաղտնի ոստիկանության հետ:
Աշխատել է մանկապարտեզում, տվել է գերմաներենի մասնավոր դասեր։ 1982 թվականին հրատարակել է իր առաջին գերմաներեն գիրքը՝ «Ընկճվածություն», որը, սակայն, փոփոխությունների էր ենթարկվել ռումինական գրաքնադատության կողմից (1984 թվականին գրքի ամբողջական տեքստը հրատարակվել է ԳԴՀ-ում և արժանացել մի շարք մրցանակների):
1987 թվականին ամուսնու՝ գրող Ռիխարդ Վագների հետ միասին տեղափոխվել է ԳԴՀ և բնակություն հաստատել Արևմտյան Բեռլինում։ Դասախոսություններով հադես է եկել ԳԴՀ-ի, ԱՄՆ-ի ու այլ երկրների մի շարք համալսարաններում։
Հերտա Մյուլլերը գրել է բանաստեղծություններ, արձակ ստեղծագործություններ, էսսեներ։ Հանդես է գալիս նաև որպես նկարիչ ու լուսանկարիչ։ Նրա ստեղծագործությունների հիմնական թեման իր ապրած անազատությունն է ու բռնությունները, անհատական ու կոլեկտիվ հիշողությունը, մոռացումը, ամնեզիան, հիշել չցանկանալը։ Մյուլլերի մի շարք վեպերի գործողությունները ծավալվում են ռումինական գավառում Նիկոլաե Չաուշեսկուի իշխանության տարիներին։
Հերտան Գերմանիայի լեզվի ու պոեզիայի ակադեմիայի անդամ է (1995)։ Հերտա Մյուլլերի բանաստեղծությունները, վեպերն ու էսսեները թարգմանվել են եվրոպական շատ լեզուներով, ինչպես նաև չինարեն ու ճապոներեն։
Արժանացել է մի շարք գրական մրցանակների, այդ թվում՝ Դուբլինի գրական մրցանակ 1998 թվականին, ավստրիական Ֆրանց Կաֆկայի անվան մրցանակ 1999 թվականին և Գրականության Նոբելյան մրցանակ 2009 թվականին։
2008 թվականին Շվեդիայի Գրողների միությունը Հերտա Մյուլլերի «Թագավորը խոնարհվում է ու սպանում» ժողովածուն ներառել է վերջին ժամանակների՝ կանանց կողմից գրված 10 լավագույն գրքերի ցանկում: